Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում |news.am|
11:00 - 14 ապրիլի, 2023

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում |news.am|

news.am: Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում։ Տեսանյութի մեջ երևում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետև ադրբեջանցիներն առաջինը կրակում են, և էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը նշում են, որ այդ միջադեպը և զոհերը կարող էին չլինել:

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:

Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նախապատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել