Գյումրիի բուհերում դասերը բնականոն ընթանում են. ուսանողական բողոքներ չկան |factor.am|
13:20 - 14 նոյեմբերի, 2019

Գյումրիի բուհերում դասերը բնականոն ընթանում են. ուսանողական բողոքներ չկան |factor.am|

factor.am:  Շուրջ մեկ շաբաթ է՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել և պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների պահանջն է՝ չեղարկել «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը նախագիծը, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները հանել բուհերի պարտադիր առարկայացանկից։

Ի տարբերություն մայրաքաղաքի բուհերի՝ Գյումրիում իրավիճակը հանգիստ է։ Նախօրեին միայն Շիրակի պետահամալսարանում մի խումբ ուսանողներ մեկ դասաժամ դասադուլ են հայտարարել, որից հետո դասերը վերսկսվել են։ Այս մասին ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

«Բողոքողները մի քանի բաժիններից էին՝ արվեստի, փիլիսոփայության, տնտեսագիտության, պատմության, երևի մի 7-8 հոգի էլ դասախոսներ էին ներկա։ Ես, համենայնդեպս, ինքս տեսել եմ ֆեյսբուքյան էջում նրանց 15 րոպեանոց ակցիան։ Ընդ որում՝ ասեմ, որ ակցիայից հետո նորից հետ են եկել լսարաններ»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

Նա նշեց, որ հաջորդ օրն էլ ուսանողները փոքրիկ ակցիա են արել ու ոչ մի պահանջ չեն ներկայացրել։

«Ես չեմ ասում ընդհանրապես ոչինչ չի եղել, բայց եղել է շատ փոքր՝ մի 40 ուսանողով: Ուղղակի մոտեցա, խնդրեցի, որ ոչ մեկը չխանգարի, չոտնահարի մյուսի իրավունքը, իրենց իրավունքն է՝ կարող են բողոքի ակցիա անել, բայց ով է ուզում է դասի մասնակցել, նրան էլ պիտի հարգենք: Մեր զրույցից հետո գործնականում բոլոր ուսանողները գնացել են դասի»,- ասաց Սերոբյանը։

Նշենք նաև, որ նոյեմբերի 16-ին ՇՊՀ-ում տեղի է ունենալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և հետաքրքրված անդամների հանդիպումը ուսանողների ու աշխատակիցների հետ: Քննարկելու են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ևս հանգիստ իրավիճակ է, ուսանողական բողոքներ չկան։ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանի խոսքով՝ դասերը նորմալ ընթանում են:

Նա նշեց նաև, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը չի քննարկվել, բայց ինքն անձամբ կողմ է նման փոփոխությանը։

«Գլոբալ առումով՝ մենք կողմ ենք նախագծին, կոնկրետ իմ դիրքորոշումն է՝ կողմ եմ դրան, որովհետև դա ճիշտ կողմնորոշում է, պետք չէ քաղաքականացնել։ Ուզում են, թող իրենց գիտական խորհուրդներով որոշեն և հայոց լեզուն ուսումնասիրեն՝ ինչքան ուզում են: Կողմ եմ, որ կամընտրական լինեն առարկաները։Ես գտնում եմ, որ եթե 12 տարի դպրոցում չի սովորել, 2 տարի բուհում էլ չի սովորելու։ Մանիպուլյացիաներ թող չանեն, որ բուհի հույսին է մնացել հանրակրթության իրականացումը»,- ասաց Աշոտ Պապոյանը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել