armtimes.com: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ ովքեր են այն մարդիկ, որ այսօր խուսափում են արդարադատությունից և երկրում չեն։ Հույս կա՞, որ մի օր կկանգնեն արդարադատության առջև։
«Ամենահայտնի կոռուպցիոներները մեղադրում են մեզ, որ եթե կոռուպցիա կա, ինչո՞ւ մենք բանտում չենք։ Հույս կա՞, որ այդ օրինակները մոտ ապագայում կլինեն։ Ինչքան կարելի է մարդուն բերել դատարան, հետ տանել։ Կա՛մ արդարացրեք, կա՛մ դատեք մարդկանց։ Երբ որ իբրև փրկության շարժումը եղավ, համալսարանի ամբիոնի վարիչը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ դուք հանգիստ շարժվեք, ապստամբության իրավունք կա։ Այս դեպքում իրավական կառույցները չեն հրավիրել այս մարդկանց ու ասել, որ դու հանցագործության ես գնում։ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ շուտով կայծ է լինելու, եթե մարդիկ պատրաստվում են ապստամբության, նրան հրավիրում են իրավապահ մարմիններ»,- ասաց նա։
ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, իր խոսքում նշեց, որ չի պատրաստվում պատասխանել այս հարցերին։ Պահելու է գաղտնիությունը․ «Բարձրացրած հարցերին իրավունք չունեմ արձգանքել։ Զսպաշապիկ ունեմ՝ քաղաքական իմաստով։ Ես կարողանում եմ կառավարել իմ բոլոր հույզերը, որոնք ես ունեմ իմ սիմպատիաների և անտիսիմպատյաների հետ։ Դա իմ կերպարն է։ Մեր պրոցեսները երկար են, բայց ճիշտ են։ Մենք հետ քայլ չենք անում, ինչքան էլ ինձ քննադատեն ու թիրախավորեն։ Ես իրավունք չունեմ սպիտակ ձեռնոցները հագած հետ փախչել։ Հույս ունեմ՝ կարող եմ ապացուցել, որ իրավական ճիշտ ձևաչափը ճիշտ պայքարն է»,- ասաց նա։
Արձագանքելով՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ իսկ Գլխավոր դատախազը կարո՞ղ է մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունը․ «Մի ժամանակ Վանեցյանը լավաշ բարձրացրեց, ասաց՝ սա ցանկն է Ռոբերտ Քոչարյանի գույքի, և եթե Ռոբերտ Քոչարյանը իշխանություն լիներ, ինձ կգնդակահարեր։ Հիմա այդ ցանկը ճի՞շտ էր, թե՞ ոչ»։
Աննա Վարդապետյանն էլ նշեց. «Ինչքան էլ սադրեք, չեմ բացահայտելու, գաղտնիությունը պահելու եմ։ Ես օրինականության միջոցով ծառայում եմ այն առաքելությանը, որն իրականացնում է իրավաբանը։ Մենք արգելք ունենք՝ չենք հրապարակում ապօրինի գույքի բռնագանձման մասին տեղեկատվություն, միայն՝ երբ գործն արդեն ուղարկում ենք դատարան»։
comment.count (0)