Բաքուն խախտել է միջազգային պարտավորությունները. Եվրախորհրդարանականների հայտարարությունը
 |news.am|
12:20 - 26 ապրիլի, 2023

Բաքուն խախտել է միջազգային պարտավորությունները. Եվրախորհրդարանականների հայտարարությունը |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետ կապված՝ երեքշաբթի, ապրիլի 25-ին, լուրջ մտահոգություն են արտահայտել Եվրախորհրդարանում։ Այս քայլը հղի է բացասական հետեւանքներով եւ կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում» եւ որպես «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ», ասված է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարությունում։

Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։

Նրանք հիշեցրել են, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Արցախի բնակչության համար եւ խափանում խաղաղության հեռանկարները։ «Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ուղեգիծը եւ պարտավորություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային պարտավորություններին եւ նորմերին հետեւելու վերաբերյալ։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով բոլոր տարաձայնությունները կարգավորելու հարցում»,- ասված է փաստաթղթում։

Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ «Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ զգոնություն պահպանել  սադրիչ հռետորաբանության եւ գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում եւ խանգարում հաշտեցմանը»,- ամփոփել են հայտարարության հեղինակները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել