Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է»
 |tert.am|
10:33 - 27 ապրիլի, 2023

Բաքուն հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է» (չակերտները՝ խմբ․) ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է ի պատասխան Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարությանն առ այն, որ Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով և որ Բաքվի այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։

«Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից «սեփական ինքնիշխան տարածքի» (չակերտները՝ խմբ․) սահմանին անցակետի ստեղծումը մեր երկրի «օրինական» (չակերտները՝ խմբ․) իրավունքն է։ Բաքուն այսպիսով չի դուրս գալիս միջազգային որևէ նորմից: Հայաստանի հետ սահմանին նոր անցակետ ստեղծելու որոշումը կայացվել է՝ ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության պահանջներից: Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, «հիմքեր չունեն» (չակերտները՝ խմբ․), և նոր անցակետը կկարգավորի պետական սահմանային գոտում մուտք-ելքի ռեժիմը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Բաքուն նաև կոչ է արել Օտտավային չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը հանրապետության «Ղարաբաղի տնտեսական շրջանի»(չակերտները՝ խմբ․) հետ կապված։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել