38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել
16:19 - 03 մայիսի, 2023

38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից  դասախոսներին  կաշառք տալու, ինչպես նաև՝  կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000 ական ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար )), 2 գործավարներին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդված 1-ին մասին ( Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ կաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը)), իսկ 9 ուսանողի և ծնողի՝  312-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ կաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը))։

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել