ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստություն է հայտնել ՀՀ-ից Թուրքիա թռիչքները արգելելու առիթով
 |1lurer.am|
19:55 - 03 մայիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստություն է հայտնել ՀՀ-ից Թուրքիա թռիչքները արգելելու առիթով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Հիշեցնենք, որ Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ապրիլի 29-ին հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ 

Այսօր՝ մայիսի 3-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտատարեց, որ Թուրքիայի օդային տարածքով թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հարց հնչեցրեց՝ եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր եւ ի՞նչ կշահեր Հայաստանը: Իսկ, թե ինչու է արձանը տեղադրվել՝ նա պատասխանեց՝ մի պարզ պատճառով. «Այդ նախաձեռնությունները եղել են 2020թ դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում: Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք…»,- ասաց վարչապետը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել