«ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել». Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|
15:02 - 08 մայիսի, 2023

«ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել». Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը |news.am|

news.am: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի ընդունում ընտրակաշառքը տալու մեղադրանքը:

«Ես համոզված եմ, վստահ եմ, որ մեղավոր չեմ»,- այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ հիշեցնելով, որ այս գործով վաղեմության ժամկետը լրացել է, այսպես, թե այնպես չի դատապարտվելու:

Դիտարկմանը, որ Վազգեն Պողոսյանն է պնդել, որ քարոզչական նպատակներով իրեն կաշառք են տվել, Առուստամյանն ասց. «Վազգեն Պողոսյանի հետ ժամանակին որպես բիզնեսմեն առնչություններ ունեցել եմ: Իրեն գումար չեմ տվել: Առերեսման ժամանակ էլ ասել եմ, որ ես իրեն ոչ կաշառք եմ տվել, ոչ փող եմ տվել: Ընտրությունների մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել: Ինքը չէր էլ հիշում՝ իմ մոտ եղել է, թե ոչ»:

Նա հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ն ընդհանրապես ընտրակաշառքը չի բաժանել:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

Այսօր նշանակված են նախնական դատալսումներ, որի ընթացքում քննարկման առարկա են դառնում դատավորին ինքնաբացարկ դատավարության մյուս մասնակիցների բացարկ հայտնելու, մեղադրյալների խափանման միջոցի, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու և այլ հարցեր:

Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել