ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել
19:50 - 10 մայիսի, 2023

ԱԳ նախարարը Հելեն Սանդ Անդերսենի հետ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը:

Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը:

Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել