ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ
21:27 - 17 մայիսի, 2023

ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող Իսպանիայի նախագահությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները: 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել