Տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Փաշինյան |armenpress.am|
15:59 - 18 մայիսի, 2023

Տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է համարում՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով:

Վարչապետը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ինքը վերահաստատել էին երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թ Ալմաթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էին, որ դա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:

«Մայիսի 14-ին մենք ըստ էության կատարեցինք ևս մեկ քայլ: Եվ ինչպես նշված է Եվրամիության խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 հազար 600 քկմ տարածքային ամբողջականությունը: Պետք է արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն  ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ԵԽ նախագահի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի հայության և իրավունքների անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված: Վարչապետը դա համարեց մի գործընթաց, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար:

«Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց, հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի՝ կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ ԵԽ նախագահի հայտարարությամբ արդեն հայտնի է դարձել, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում: «Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»,-հավելեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել