Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին

 |factor.am|
16:31 - 29 մայիսի, 2023

Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին |factor.am|

factor.am: Թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային նվազագույնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ առավոտյան լիրան արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 20,0485 լիրայի։ Մայիսի 26-ին լիրան նվազել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 20,6-ի՝ մեկ դոլարի դիմաց:

Ըստ Morgan Stanley-ի՝ լիրան կարող է փլուզվել 29%-ով՝ հասնելով 26 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց, ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր, և մինչև 2023 թվականի վերջը վաճառվի մեկ դոլարի դիմաց 28 լիրայով։ Բանկի վերլուծաբանների նման կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Էրդողանը շարունակելու է հավատարիմ մնալ իր տնտեսական քաղաքականությանը՝ ցածր մակարդակի վրա պահելով Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը։ Wells Fargo & Co-ի վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակի վերջում լիրան կնվազի մինչև 23-ի՝ մեկ դոլարի դիմաց։

«Էրդողանի հաղթանակը որևէ օտարերկրյա ներդրողի չի բավարարում»,- Bloomberg-ին ասել է Tellimer-ի ստրատեգ Հասնայն Մալիքը։

Նա զգուշացրել է, որ շատ բարձր գնաճի, շատ ցածր տոկոսադրույքների և զուտ արտարժույթի պահուստների բացակայության պայմաններում կառաջանա ցավալի ճգնաժամ, որը կազդի բոլոր ակտիվների վրա։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացել է 52,1 տոկոս ձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել