armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել:
Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը:
«Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի և Տիգրանաշենը վերցնի: Սակայն Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի:
«Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար:
«Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն՝ մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա:
Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ, թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն, բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա:
ՀՀ վարչապետը Մոլդովայում հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնք հետ հանդիպմանն ասել էր, որ կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որպես հիմք, վերցվեն 1975 թվականի քարտեզները:
comment.count (0)