Հնդկաստանը Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին
 |hetq.am|
10:36 - 09 հունիսի, 2023

Հնդկաստանը Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Հնդկաստանը, որպես G20-ը նախագահող երկիր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու քսանյակի գագաթնաժողովին, որն այս տարի սեպտեմբերին կկայանա Նյու Դելիում։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։  

«Ոչ»,- ասել է հնդիկ քաղաքական գործիչը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը Զելենսկուն հրավիրել է քսանյակի գագաթնաժողովին։

«Մեր կարծիքով, G20-ի գագաթնաժողովին մասնակցում են G20-ի անդամ երկրները և երկրներ ու կազմակերպություններ, որոնց մենք հրավիրել ենք։ Մենք հրավիրվածների ցուցակը հայտարարեցինք G20-ում նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո»,- նշել է Ջայշանկարը։

Նա ընդգծել է, որ «դա այն հարցը չէ, որը վերանայվում է»։ «Եվ դա այն հարցն է, որը մենք որևէ մեկի հետ չենք քննարկել»,- հավելել է հնդիկ նախարարը։

Հնդկաստանը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից նախագահում է G20-ը։ Թվով 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի առաջնորդի մասնակցության մասին որոշումը կընդունվի լրացուցիչ, բայց Պուտինը կարող է մասնակցել այդ հանդիպմանը։ 

G20-ի պաշտոնական կայքում նշված է, որ բացի մասնակից երկրների առաջնորդներից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև ևս 9 երկիր, որոնց թվում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Մավրիկիոսը, Նիդերլանդները, Նիգերիան, Օմանը, Սինգապուրը, Իսպանիան և ԱՄԷ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել