ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև |amerikayidzayn.com|
12:29 - 10 հունիսի, 2023

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար։

Թվիթերյան գրառմամբ Փադիլլան նշել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ավելի քան 100 հազար հայերի զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Անմարդկային է և անընդունելի: Ահա թե ինչու ես հենց նոր ներկայացրեցի երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է այս շրջափակումը և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ քայլեր ձեռնարկել»:

Սենատոր Մարկո Ռուբիոն ևս թվիթերյան գրառմամբ անդրադարձել է բանաձևին. «Հպարտ եմ միանալ սենատոր Ալեքս Փադելլային երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ ԱՄՆ-ն պետք է օգնի վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին»:

Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառելու Լաչինի շրջափակման և հայերի իրավունքների խախտումների մեջ պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև հորդորում է Բայդենի վարչակազմին դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջապես կիրառելով 907-րդ բանաձևով նախատեսված դրույթները:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս մարտին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին, որ Վաշինգտոնը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

«Միացյալ Նահանգները չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Այստեղ եմ, որ աշխատեմ երկու կողմների հետ՝ խաղաղությանը նրանց մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել