hetq.am: Իսլանդիան որոշել է օգոստոսի 1-ից դադարեցնել Մոսկվայում իր դեսպանության աշխատանքները։ Այդ մասին նշվում է այդ երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Սա հեշտ որոշում չէ, սակայն ներկայիս իրավիճակն ուղղակի թույլ չի տալիս Իսլանդիայի ոչ մեծ դիվանագիտական ծառայությանը դեսպանություն ունենալ Ռուսաստանում»,- հայտարարել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Տորդիս Գյուլֆադոտիրը։
Մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ դեսպանության գործունեության դադարեցման մասին որոշումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում։
«Ներկայումս Ռուսաստանի հետ առևտրային, մշակութային կամ քաղաքական հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա։ Հետևաբար, դեսպանության գործունեության պահպանումն այլևս արդարացված չէ»,- հայտարարել են Իսլանդիայի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ հենց իրավիճակը թույլ տա, Մոսկվայում դեսպանության աշխատանքների վերականգնմանը կհատկացվի առաջնահերթ ուշադրություն։
Իսլանդիան նաև դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով սահմանափակել Ռեյկյավիկում իր դեսպանության գործունեությունը և նվազեցնել դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։
comment.count (0)