Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|
09:47 - 20 հունիսի, 2023

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։ Հայկական պատվիրակության անդամները առիթը բաց չթողեցին եվրոպական այս ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնելու Բաքվի սադրիչ գործողությունների մասին:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց.

«Մինչ մենք այստեղ ենք՝ լուծելու առկա խնդիրները, Ադրբեջանն ընդամենը մի քանի ժամ առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Ուշադրությո՛ւն, ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Սրան նախորդել էին գործարանի կառուցման վերաբերյալ հայկական կողմի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանը նախկինում հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ մտահոգությունները պարզապես ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները խոչընդոտելուն։ Գնդակոծության հետևանքով վերավորվել է շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի»։

Գրիգորյանն իր խոսքում շեշտեց՝ «Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը»: Հայ պատվիրակի պնդմամբ՝ Բաքվի վարքագիծը  պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պետք է ձեռնարկվեն  գործողություններ՝ զսպելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները և ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել