ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Ադրբեջանում Անկախության օրը նշվում է մայիսի 27-ին։
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Ռուբիոն։
Ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին, որոնք կենսական են տարածաշրջանի բարգավաճման համար։
Ռուբիոն կարևորել է նաև այն համաձայնությունը, որին հասել են Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։
«Մենք նաև հասկանում ենք այն աճող կարևորությունը, որ Ադրբեջանը ձեռք է բերում որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»,- ասվում է ուղերձում։
Ռուբիոն հավելել է, որ վերջին 33 տարիների ընթացքում ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը առաջ է մղել անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում համատեղ շահերը:
«Միացյալ Նահանգները շարունակում է իր հանձնառությունը աջակցելու Ադրբեջանում հիմնարար ազատություններին, այդ թվում՝ մամուլի ազատությանը՝ համապատասխան Ադրբեջանի սահմանադրությանը։ Մենք ցանկություն ունենք խորացնելու համագործակցությունը և միասնական աշխատանքը Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
comment.count (0)