Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց |armtimes.com|
12:11 - 22 հունիսի, 2023

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ 2022 թվականի հունիսից ներդրված ծրագրին, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում։

Ծրագիրը պետք է իրականացվեր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն նախարարը խնդրեց երկարացնել դրա իրականացման ժամկետը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկից սկսած՝ բոլոր ցուցանիշներում ունենք դրական դինամիկա, օրինակ, երբ որ անկանխիկ գործարքների ծավալի ցուցանիշը 8 անգամ է աճել է, մինչ այդ զրոյական էր եղել։ Շահառուները մեկնարկի ժամանակ եղել են 16 հազար 900, դեկտեմբերի դրությամբ՝ 66 հազար 800, այս տարվա մայիս ամսին շահառուները եղել են 114 հազարից ավելի։

Կենսաթոշակառուներին տրամադրած հետվճարի չափը կազմել է 2,38 միլիարդ դրամ։ Սա նպաստել է, որ իրենց վճարները ստանան քարտային կերպով, և թոշակառուներից 82,2 տոկոսը կենսաթոշակը ստանում է բանկային քարտերով։ Առաջարկում ենք այս ցուցանիշները հաշվի առնելով՝ ծրագիրը երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց Մկրտչյանը։

Արձագանքելով վարչապետն ասաց՝ սա կարևորագույն ծրագիր է, որն ունի ռազմավարական նշանակություն․ «Երբ մի որոշում կայացնում ենք, պետք է որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, այլ նաև պետք է մեր որոշումները դրական էֆեկտներ ունենան։ Սոցիալական կոնկրետ ազդեցություն է ունենում այս ծրագիրը։ Նախորդ տարի ՀՀ-ում կենսաթոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց այս էֆեկտի շնորհիվ ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ։ Հուլիսի 1-ից նաև թոշակները նորից բարձրանալու են։ Դա կքննարկենք հաջորդ տարի։

Հաջորդ խնդիրը կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունն է, ես ուզում եմ, որ դրա դերը տնտեսական դինամիկայի հարցում չթերագնահատենք։ Պետք է այս հարցում մեզ օգնեն թոշակառուները։ 595 հազար թոշակառուներից և նպաստառուներից ծրագրից օգտվում են 114 հազարը, պետք է պոտենցիալը ընդլայնենք։ ՊԵԿ-ի և Կենտրոնական բանկի մեր գործընկերները նույնպես այս հարցում պետք է օգնեն։ Կանխիկ վճարումի հետ կապված խնդիրները 3 ամսվա ընթացքում պետք է լուծվեն, և բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Եթե ես լսեցի, որ որևէ պետական գերատեսչությունում քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս ֆիզիկապես թղթադրամին կպնում է, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»,- նշեց նա։

Կառավարության ղեկավարի խոսքով ծրագիրը պետք է ընդմիշտ երկարաձգել, այլ բան է դրա իրականացման բանաձևերի փոփոխությունը։ Հնարավոր է այս հարցում լինի բարդ որոշում, օրինակ՝ կենսաթոշակների ավելացումը գուցե իրականացվի անկանխիկ տրամաբանությամբ։

Ծրագրին մասնակից բանկերն են «Հայբիզնես», «ԱԿԲԱ», «Արդշին», «ՎՏԲ»։ Վարչապետը անհասկանալի համարեց մյուս բանկերի՝ այս ծրագրին մասնակից չլինելու փաստը։

Կառավարության որոշմամբ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել