Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը
23:58 - 26 հունիսի, 2023

Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագների» ղեկավար Պրիգոժինի կազմակերպած ապստամբության հետ։

ՌԴ նախագահը նշել է, որ «Վագների» մարտիկների ու հրամանատարների մեծ մասը հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը, որոնք դա ապացուցել են իրենց խիզախությամբ մարտի դաշտում (ռուս-ուկրաինական պատերազմում-խմբ.)։ Պուտինի խոսքով՝ նրանց փորձել են «մութ գործերի մեջ օգտագործել»՝ տրամադրելով իրենց զինակից եղբայրների դեմ։

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ. «Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, որոնք չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ իրադարձությունների հենց սկզբից, իր անմիջական ցուցումով, քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար։

«Ապստամբության հենց սկզբից իշխանություններն ընդունել են բոլոր անհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած սպառնալիքը, պաշտպանելու Սահմանադրական կարգը, ռուսների կյանքն ու անվտանգությունը։ Ապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ «այս ամենը այն է, ինչ ցանկանում էին Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիեւում ու նրանց արեւմտյան հովանավորները»։

«Նրանք ուզում էին, որ ռուս զինվորները սպանեն միմյանց, սպանեն զինվորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի ի վերջո Ռուսաստանը պարտվի, իսկ մեր հասարակությունը պառակտվի՝ խեղդվելով արյունալի քաղաքացիական բախումների մեջ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։ 

Պուտինի խոսքով՝ քաղաքացիական համերաշխությունը ցույց տվեց, որ «ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման»։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել