ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները
11:32 - 03 հուլիսի, 2023

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին՝ դադարեցնելով նրանց լիազորությունները։

Միաժամանակ ԲԴԽ-ն որոշեց կարճել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի վերաբերյալ վարույթը` հաշվի առնելով, որ վերջինս նախքան վարույթի ավարտը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Վարույթի հիմքում, հիշեցնենք, 14 տարի առաջ կայացված մի վճիռ է: ՄԻԵԴ-ը 4 տարի առաջ՝ 2019-ին, այս գործով արձանագրել է Հայաստանի կողմից դատարանի մատչելության իրավունքի խախտման փաստը: 

Մասնավորապես, «Շոլց ԱԳ» ընկերությունը դիմել է ՄԻԵԴ՝ նշելով, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, քանի որ սովորական դատարանները եւ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դիմումատուի իրավունքների խախտումը՝ նշելով, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, եւ դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության, եւ դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից։ 

Ընդ որում, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատու ընկերության հայցը ընդատյա է եղել քաղաքացիական դատարանին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել