Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ
12:13 - 06 հուլիսի, 2023

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, կարող եմ ասել, որ որոշակի խոչընդոտներ են հարուցում, երբ տարբեր քննարկումների ժամանակ հենց նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից մատնանշվում են, վկայակոչվում են այդ հայտարարությունները։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս առումով կարող եմ անվերպահորեն ասել, որ ցանկալի կլիներ, որ ՀՀ-ի հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների, կառույցների կամ ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք ընդհանուր գործին իրենց վնասն են հասցնում։ Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից եւ կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում այլեւս ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,- ընդգծեց Ստեփանյանը։

Նա նշեց, որ մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընկալվի ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը․ «Կարող եմ ասել, շրջափակման շուրջ յոթ ամսվա ընթացքում սպառնալիքներն այսքան ընդգծված եւ արտահայտված չեն եղել, որքան հիմա են։

Մենք իրապես խոսում ենք գոյաբանական սպառնալիքի մասին, եւ ես ուզում եմ, որ նաեւ ՀՀ մեր հայրենակիցները եւ հայաստանյան հասարակությունը ավելի ճիշտ եւ հստակ հասկանա, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։

Իրավիճակի լրջությունը եւ այն սպառնալիքը, որ այսօր Արցախում ապրող մարդու գլխին կախված է, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել, եւ այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաեւ հայկական սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարել էր․ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի ու ԼՂ հայության ներկայացուցիչների միջև՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել