Նիկոլ Փաշինյանը և Թոբիաս Լինդները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
19:22 - 13 հուլիսի, 2023

Նիկոլ Փաշինյանը և Թոբիաս Լինդները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին:

Վարչապետը ողջունել է պարոն Լինդների այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ քննարկելու ինչպես հայ-գերմանական հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում:

Գերմանիայի ԱԳ պետնախարարն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում հետագա օժանդակությունը շարունակելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել