Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան
 |armenpress.am|
15:27 - 20 հուլիսի, 2023

Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։  

«Այս պահին կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում:

«Դեղորայքային ռեսուրսներն Արցախում,  իհարկե, անսպառ չեն․ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը:

«Այս բոլոր փաստերը փոխանցվում են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական դատարանում Հայասատանի  ներկայացուցչական խմբին և այլն: Այս ամենը նաև  փաստագրվում է, որպեսզի հետո հիմք հանդիսանա որոշակի պատժամիջոցների համար: Այս պահին պատասխանները գոհացնող չեն, քանի որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ»,- եզրափակեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել