«Հայաստանը վերաբնակեցման հարց չի քննարկում․ քննարկում է ԼՂ հայության սեփական երկրում, սեփական ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»․ Փաշինյան
14:11 - 25 հուլիսի, 2023

«Հայաստանը վերաբնակեցման հարց չի քննարկում․ քննարկում է ԼՂ հայության սեփական երկրում, սեփական ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում 120 հազար արցախցիների՝ ՀՀ-ում վերաբնակեցման հարցը։

Նման հայտարարություն արեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն դիտարկում է 120 հազար արցախցիների վերաբնակեցումը ՀՀ-ում, եւ եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն 120 արցախցիների, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան, կա՞ն արդյոք հաշվարկներ, թե դա, օրինակ, ֆինանսական իմաստով ՀՀ-ի վրա որքան կնստի եւ ինչպես կկազմակերպվի․ «Ոչ ՀՀ-ն նման հարց չի քննարկում, ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»։

Լրագրողի մյուս հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը Արցախի Հանրապետության եւ ՌԴ գործընկեների հետ քննարկել է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, որքանով է դա իրատեսական համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունը եւ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը այնքան էլ չի նշմարվում, Փաշինյանը նախ ասաց․ «Ես արձագանք չունեմ ուղղակի», որովհետեւ դա ինձ չի վերաբերում, ապա երբ լրագրողը կրկնեց հարցը՝ երբեւէ չի՞ քննարկվել այդ հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Ես նման քննարկում չեմ ունեցել երբեւէ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել