Բաքուն պահանջում է «հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին»
12:48 - 29 հուլիսի, 2023

Բաքուն պահանջում է «հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին»

Բաքուն պահանջում է «կողմնակալ հայտարարություններ արած ու Հայաստանի կողմից մանիպուլյացիաներով խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից հարգել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել երկրի ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

Բաքուն հայտարարում է, թե 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հանդես եկավ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, սակայն հայկական կողմը չի արձագանքում դրանց ու տարբեր պատրվակներով ձգձգում է խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն Ադրբեջանը վճռականորեն շարունակում է իր ջանքերը՝ խթանելու խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների բացմանն ուղղված նախաձեռնությունները:  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե հայկական կողմը մյուս կողմից հանդես է եկել այնպիսի անհիմն առաջարկով, ինչպիսին է «միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը», և խոչընդոտել է Ադրբեջանի ու տեղի հայ բնակիչների միջև շփումները՝ փաստացի այլ անվան տակ շարունակելով տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ»։

Բաքուն հայտարարում է, թե իբր ապահովել է Հայաստանի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով՝ հերքելով Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները և հայտարարում, թե «հունիսի 15-ին մաքսանենգություն է եղել հայկական կողմից, իսկ հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»»։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

«Հայաստանի նպատակն է տարածաշրջան ներգրավել երրորդ կողմերին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և խաթարել խաղաղ գործընթացը»։

Ադրբեջանը հայտարարում է, թե վերջին օրերի՝ ռազմական, ինչպես նաև էլեկտրոնային միջամտությունները՝ ճնշելու օդային տարածքով քաղաքացիական թռիչքների իրականացումը, սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանը։ 

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:

«Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքները և վճռականորեն կկանխի իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ վերջին օրերին մի շարք երկրների ներկայացուցիչներ ու տարբեր կազմակերպություններ, հանդես են գալիս Լաչինի միջանցքը բացելու կոչով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել