Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. ՄԻՊ-ը գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել
11:08 - 02 օգոստոսի, 2023

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. ՄԻՊ-ը գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Համապատասխան նամակներ են ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ։

Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։

Պաշտպանը նշում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որը ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի և դատապարտելի է։ Պաշտպանն ընդգծում է, որ այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության ևս մեկ ապացույց է։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել