«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]
18:04 - 03 օգոստոսի, 2023

«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Անուշ Անդրյանի բազմազավակ ընտանիքը կորցրել է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի իր տունը։ Վեց երեխաների ու ամուսնու հետ Անուշը հիմա ապրում է Ստեփանակերտում՝ պետության հատկացրած հյուրատանը։ Այսօր բլոկադայի պատճառով Անուշի երեխաները նորմալ չեն սնվում, իսկ քաղցկեղի ճիրաններից փրկված 9-ամյա աղջկա առողջությունը ռիսկի տակ է․ վերականգնողական շրջանում լուրջ բժշկական վերահսկողություն ու ստուգումներ են պետք, աղջիկը պետք է ՊԷՏ/ԿՏ հետազոտություն անցնի, իսկ դա միայն ՀՀ-ում կամ այլ երկրում է հնարավոր։ 

Նվարդը՝ բուժման ընթացքում

«Աղջիկս առողջական լուրջ խնդիրներ ունի, էրեխուս հարցն է ստեղ։ Չարորակ ուռուցք է ունեցել, Երեւանում բուժել ենք, էս պահին էրեխես հսկողության տակ է։ Ստեղ կա ԿՏ, բայց ասում են, որ ՊԷՏ/ԿՏ-ի կարիք կա, բայց չենք կարողանում բերել էրեխուն։ ՊԷՏ/ԿՏ Հայաստան կա, Վրաստան, ստեղ չկա։ Իր ուռուցքն էն տեսակի է, որի բջիջների ակտիվությունը մենակ էդ հետազոտությունն է ցույց տալիս։ Աղջիկս պահպանողական փուլում է, էս էրեխեն ոչ մի սնունդ չունի, վիտամիններ են պետք իրեն, սնունդ էլ չստացավ, էդ ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի»,- մտահոգվում է 9-ամյա Նվարդի մայրը՝ նշելով, որ ԿԽՄԿ միջնորդությամբ միայն երեխային հնարավոր չի եղել բերել Երեւան, քանի որ առանց չափահասի ուղեկցությամբ մարդկանց տեղափոխումներ չեն արվում, իսկ Անուշը հարազատներ չունի Արցախում, որ հինգ երեխաներին թողնի նրանց հույսին ու անհայտ ժամանակով գա ՀՀ։ Իսկ ամուսինը ՊԲ զինծառայող է, հերթապահության է լինում, նա էլ չի կարող միշտ զավակների կողքին մնալ։ 

Անուշը՝ երեխաների հետ

«Ահավոր վիճակ ա։ Հերթեր ենք կանգնում, որ մի կտոր մի բան առնենք, բերենք, մեր էրեխեքն ուտեն, միս չկա շատ ժամանակ, եթե կա էլ, էնքան թանկ ա, կիլոն հինգ հազար ու ավելի։ Հերթերից տուն չենք գալիս, ոչ մի բան չկա խանութներում, գոյություն չունի։ Դաժե մի մածուն, մի սմետան, էս շոգ օրին չես կարում ճարես, որ ուտեն, այ էդ վիճակն ա, պատկերացրու՝ աղ էլ չունենք արդեն։  Կարտոշկա եմ մենակ խաշում, ուտում են, էդ ա ու լոբին։ Ուրիշ պրադուկտ չկա։ Էրեխեքը շատ են նեղվում, փոքրս կանֆետ ա շատ ուզում, չկա, քաղցր պիտի ուտեն էրեխեքը, չկա․․․»,- նեղսրտում է բազմազավակ մայրը ու զանգից հետո անմիջապես ուղարկում իր կողքին հավաքված երեխաներից մի նկար։ Փոքր դուստրը՝ Մանեն, 7 տարեկան է, Ալվարդը՝ 12 տարեկան է, Գոռը՝ 13, Էդմոնը՝ 16, Մխիթարն էլ 18 նոր է դարձել, բանակ պիտի զորակոչվի արդեն, սպասում են ծանուցմանը։

Ձախից՝ աջ՝ Ալվարդը, Նվարդը, Մանեն, Էդմոնը

Անուշը երեկ ողջ օրը չի կարողացել հաց գնել, մինչեւ երեկոյան տասը սպասել է հերթում, հինգհարյուրքանիերորդ համարն է եղել (հացի ձեռք բերելու համար մարդկանց թղթերի վրա գրված համարներ են տրամադրում, որ հերթն այդպես առաջ գնա)․ «Մինչեւ իրիկունը ժամը տասը հաց չեմ կարողացել առնեմ, տասից հետո էլ էս փոքր էրեխուս եմ տվել թուղթը, ասել եմ էլ հնար չկա։ Մի ժամ յոթ տարեկան էրեխես կանգնել ա, էն էլ լավ ա՝ մարդիկ կարողացել են մեջ գցել, էրեխուս երկու հաց են տվել, կարողացել ա բերել»,- հոգոց հանելով պատմում է Անուշը՝ ասելով, որ լավ է՝ գոնե այսօր հաց թխել-մատակարարելու գործընթացը մի քիչ կարգավորվել է, կարողացել են մի երկու հաց գնել։

Օրեր առաջ Արցախում կրճատվել էր հացի արտադրանքի ծավալը, քանի որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով։ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հաղորդել էր, որ իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում Արցախում աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը: 

Բազմազավակ մայրը մտահոգվում է նաեւ երեխաների հոգեվիճակի մասին, ասում է՝ մի դմփոց է գալիս, վախենում են․ «Երեկ հացի հերթում մի մարդու հաց չէր հասել, գնացել էր ավտոմատով հրապարակում կրակել, էրեխեքը ստեղ սրտաճաք էին եղել, որ կարող ա կռիվը սկսեց։ Ահավոր վիճակ ա․․․ Բազմազավակ պապա էր, հաց չէին տվել, իրա էրեխեքը սոված էին, էկել, ստեղ խփել էր, էդ ձեներից ասի էդ ա՝ կռիվը սկսեց։ Փոքր էրեխեք են է, սրտաճաք են լինում․․․»։

Դառը հոգոցներով է ավարտվում այս զրույցը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Անուշ Անդրյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել