«Որ մեր հացը хлеб չդառնա»․ արցախցի տատիկն ուզում է՝ թոռները մեծանան հայրենիքում, որտեղ թեև փող կա, բայց կոշիկ չկա
21:57 - 04 օգոստոսի, 2023

 «Որ մեր հացը хлеб չդառնա»․ արցախցի տատիկն ուզում է՝ թոռները մեծանան հայրենիքում, որտեղ թեև փող կա, բայց կոշիկ չկա

Գլխավոր լուսանկարում՝ Զաբելլա Ադամյանը

Հարևաններիս տուն եմ մտնում՝ հրաժեշտ տալու այդ հարազատ մարդկանց, քանի որ գյուղից Ստեփանակերտ եմ տեղափոխվում։ Եվ որոշում եմ ձայնագրել զրույցս Զաբել տոտայի հետ, որ Արցախի իմ տատիկն է եղել երկու տարի շարունակ և միակ կինը, որին թույլատրված էր բարկանալ ինձ վրա, երբ նորմալ չէի սնվում կամ օրերով տանից դուրս չէի գալիս։

Զաբելլա Ադամյանը Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչ է, շատ տարիներ առաջ Արցախի իմ պապիկ Դոնիկ ձյաձյայի հետ ամուսնանալուց հետո այստեղ է տեղափոխվել նույն շրջանի Զագլիկ համայնքից։ Երեք երեխա ունի, ապրում է ամուսնու և որդու ընտանիքի՝  երեք թոռնուհիների հետ։


Զաբելլայի ամուսինը՝ Դոնիկը

Տուն եմ մտնում այն պահին, երբ քննարկում են որևէ կերպ Մարտակերտ հասնելու, դպրոցահասակ թոռնիկների համար կոշիկներ գնելու հարցը։ 8-9 կմ դեպի շրջկենտրոն քայլելն այլընտրանք չունի, որովհետև մեքենա չեն գտնի, իսկ քաղաքում մի քանի զույգ մանկական կոշիկ է մնացել, պետք է հասցնել գնել, որ աղջիկները սեպտեմբերին առանց նոր կոշիկի չմնան։ Տիկին Զաբելլան ցավով նկատում է, որ երբ իր երեխաներն էին այդ տարիքին, Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին, և եթե նույնիսկ կոշիկ գտնել հնարավոր լիներ, գումար չկար։ Իր երեխաները մեկ զույգ կոշիկը փոխնեփոխ էին հագնում։ Հիմա՝ այսքան տարի անց, երբ թվում էր՝ կարողացել են հնարավորինս ապահովված կյանք ստեղծել, փող կա, կոշիկ չկա։ 

Հետո սննդի խնդրից ենք խոսում․ այն պակաս ծայրահեղ է՝ Ստեփանակերտի հետ համեմատած։ «Այս պահին, փառք Աստծո, դեռ սովի մատնվելու խնդրի առաջ չէ մեր ընտանիքը, ժամանակին տալոններով ուտելիք ենք ձեռք բերել, դեռ մի քիչ կա, փոքր բաղչան էլ բանջարեղենով լիքն է՝ լոբի, կարտոֆիլ, դդմիկ, կանաչի։ Բայց ճիշտ է, մեծերս արդեն վաղուց մի լավ, կուշտ փորով չենք ուտում, որ էրեխեքին մնա։ Մի կիլո կանֆետ ենք առել ժամանակին, հիմա օրը մի հատ տալիս ենք էրեխեքին, մենք չենք ուտում, որ մի քիչ երկար հերիքի»,- ասում է Զաբելլան։ Նա պատմում է, որ դժվարություններ նախկինում շատ է տեսել, մի կոնֆետը ստիպված էր լինում երեք երեխաների մեջ բաժանել, և դրա հետևանքով է, որ հիմա առավել զգուշավոր է, մի քիչ քաղցրավենիք է պահել՝ գոնե թոռները շատ չզգան այդ նույն դժվարությունները։

Զաբելլայի բակը

«Շատ ափսոս, որ միրգ չկա, մրգեղենից զուրկ ենք։ Չկա, որովհետև մեծ մասը Հայաստանից էր գալիս, բայց ինչն էլ այստեղ աճում էր, կարկուտ եկավ, ամբողջ բերքը տարավ»,- նշում է հարևանս։

Իսկ մեկամյա թոռնուհուն, քանի որ մանկական կերեր այլևս հնարավոր չէ գտնել, հիմնականում տալիս են այն, ինչ իրենք են ուտում, կամ էլ հավ են մորթում, միսը խնայողաբար օգտագործում միայն փոքրիկի համար։ Տիկին Զաբելը տխրությամբ է նշում, որ մյուս թոռնուհիներն էլ երբեմն տեսնում, իրենք էլ են մսով ապուր ցանկանում, սակայն ստիպված համոզվում են թողնել դա փոքր քրոջ համար։


Զաբելլայի թոռնուհիները և իմ լավագույն ընկերուհիները՝ Մանեն ու Մելինեն

Մոխրաթաղ գյուղում, որտեղ հիմա ապրում է հարևանուհիս, ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, գյուղը բացառապես հայերով է բնակեցված եղել, բայց նրա ծննդավայր Զագլիկում հայ ու ադրբեջանցի ապրել են կողք կողքի։ «Մեր գյուղն ու մի թուրքի գյուղ՝ Ումութլուն, ինտերնացիոնալ համայնք են եղել, երկու գյուղը՝ միասին։ Որպես ղեկավար միշտ թուրքի են նշանակել, իսկ չարքաշ բանվորը հայն ա եղել։ Մի անգամ մամայիս փոխարեն գնացինք՝ կուկուռուզի սերմացու ջոկելու։ Մենք շուտ-շուտ աշխատում էինք, մի օրում երևի հիսուն կիլո հավաքել էինք, թուրքերն էլ մի դոշակ վերցրած եկել, նստել, մարդա մի բուռ կուկուռուզ էին հավաքել։ Ամսվա վերջում տեսնում ենք՝ թուրքերը մերոնցից շատ փող են ստացել։ Ամեն ձևի միշտ տուժել ենք, լավ գործն իրենցն ա եղել»,- հիշում է տիկին Զաբելլան՝ ավելացնելով, որ դպրոցը նույնպես ինտերնացիոնալ էր, որտեղ տնօրենը թուրք էր, զինղեկը, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ լոխ (բոլորը) թուրքեր, հայերից չէին նշանակում․

«Մեր հայկական դպրոցը միհարկանի էր, մի քանի փոքր դասարան էր, իսկ իրենցը՝ կից, երկհարկանի բարձր դպրոց։ Տարբերությունը միշտ զգացվում էր։ Հա, ճիշտ ա, չէինք վախենում իրարից, էն ժամանակ տենց բան չկար, որ թուրքից վախենայինք, իրար հետ մնում էինք, բայց ջոկողությունը միշտ կար։ Կամ հանկարծ մի հայ մի թուրքի ինչ-որ վիրավորական բան ասեր, մյուս օրը կա՛մ անասունդ էին գողանում, կա՛մ դպրոցում երեխուդ էին վնասում, մի բան անպայման անում էին»,- պատմում է նա։

Զրուցակիցս չի ժխտում՝ հարևանություն անում էին ադրբեջանցիների հետ, ծանոթներ կային, գնում-գալիս էին իրար ուրախ ու տխուր առիթներին, բայց և պատմում է այսպիսի մի դրվագ․ «90-ականներին Հաթերքից մի բժշկի բռնում, տանում են։ Ու այդտեղ պարզ ասում են իրեն, որ ձեր Եղեռնի օրը մենք մի հայի գլուխ պիտի տանեինք, մեր մոլլայի առջև դնեինք։ Մենք էլ փոքր երեխաներ էինք, հա լսում էինք, որ էսինչ տեղից մի հայ կորավ, էնինչ տեղից մի հայ կորավ, չգիտեինք՝ ուր են կորում։ Հետո հաթերքցի կանայք օմոնականների են գողանում, ռուսներին «զալոժնիկ» վերցնում, էդ բժշկին ազատում։ Նա էլ էդքանը պատմում ա, իմանում ենք թուրքի արածները»։

Նա նաև հիշում է, որ հատկապես մոլեռանդ մուսուլմանների հետ էր բարդ հարևանություն անելը․ «Մի ծանոթ թուրք ունեինք, նրա տղու բանակի քեֆին գնում ենք, մամաս պիտի խոհարարը լիներ։ Նրանց տատիկը եկավ, ասեց՝ Մարո՛, քեփիդ նի չկյա, մենք (մուսուլմանների էդ տեսակին չեմ հիշում՝ ինչ են ասում, վերջը)... մենք հայի հացը չենք ուտում։ Էդ ճաշը, որ դու էփեցիր, մենք չենք ուտելու։ Մամաս էլ ասեց՝ չեք ուտելու, դուք էլ ձեր հացը սարքեք։ Բայց ջահելներն էդպիսին չէին։ Իրենց մոտ թեև ընդունված չէր խոզի միս, ձուկ ուտելը, բայց որ գալիս էին մեր տուն, ասում էին՝ Մարո՛, ձուկ ժարիտ արա, ուտենք»։

Ես չեմ էլ հասցնում ընդհատել սիրելի տատիկին, երբ ինքը կանխում է սպասվող հարցս․ «Հիմա՝ չէ, հիմա էլ ոչ մի դեպքում հնարավոր չի իրար հետ ապրելը, պատկերացնելու էլ չի։ Ոչ մի ինտեգրացիա, նրանք մենակ մեր հողն են ուզում, մեզ չեն ուզում։ Հնարավոր չէ նրանց հետ ապրելը, նրանց կազմի մեջ մտնելը»։

Զաբելլա Ադամյանը ուզում է հավատալ, որ մնալու են իրենց տներում, շարունակեն իրենց հողի տերը լինել։ «Մարդիկ կան, որ մտածում են գնալու մասին, իրենց ապրանքները ծախում են, մենք էլ դրանք առնում ենք»,- դառը ծիծաղում է հարևանուհիս ու նշում՝ երեխաները պիտի Ղարաբաղի լեզուն չմոռանան․ «90-ական թվականներին, որ փախել ենք, իմ էրեխեքը համարյա նույն հասակին էին, ինչ թոռներս են, սաղ մերոնք գնացին Ռուսաստան, բայց ես չեմ ուզել, որ իմ էրեխեքի լեզուն փոխվի։ Հայաստանում մնացել ենք, նորից եկել ստեղ։ Էլի նույն ձևի, էլի չեմ ուզում, որ թոռներս ուրիշ տեղ ապրեն, որ… մեր հացը хлеб չդառնա»,- զրույցը եզրափակում է իմ սիրելի արցախցի բաբոն։ 

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել