Արևմուտքը ջանք է գործադրել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու հարցում, Ադրբեջանը հրաժարվել է․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|
10:06 - 07 օգոստոսի, 2023

Արևմուտքը ջանք է գործադրել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու հարցում, Ադրբեջանը հրաժարվել է․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում Բաքու- Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու համար, ինչին արցախյան կողմը դրական է արձագանքել, հատկապես, որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երրորդ երկրում հանդիպելու առաջարկ է եղել, որն Ադրբեջանը մերժել է։

«Ես չեմ ուզում ասել, որ դա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանք էր, բայց ինչ-որ տեղ կարելի էր ընդունել։ Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից»,- նշեց նախագահ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք շահագրգռվածություն տեսել են նախաձեռնողներից, սակայն Ադրբեջանի հրաժարվելուց հետո առաջարկն այդպես էլ մնացել է օդում կախված։

Հարցին, թե ի՞նչ է առաջարկվում արևմտյան և ռուսական հարթակներում, Արցախի նախագահը պատասխանեց, որ առաջին փուլում որևէ առաջարկություն չեն անում, փորձում են ձևավորել այդ երկխոսությունը և թողնել թեմաները հանդիպման ընթացքում:

«Ադրբեջանն այստեղ հստակ ունի իր պահանջները, իր օրակարգը, մենք էլ ունենք մեր օրակարգը, մեր իրավունքներից ելնելով մեր առաջարկները, դրա համար կոնկրետ օրակարգ չի քննարկվել», - նշեց նա:

Անդրադառնալով Աղդամից հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկին, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Արցախում հումանիտար աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունքում է ստեղծվել։

Նրա խոսքով՝ հարկավոր է հաշվի առնել նաև Լաչինի միջանցքի կարևորված լինել միջազգային հանրության կողմից, քանի որ ընդունված բազմաթիվ որոշումները վկայում են, որ հումանիտար աղետն Ադրբեջանի կողմից միջազգային նորմերը չհարգելու, միջազհային պայմաններն ու եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու հետևանքն է։

«Նաև պետք է հիշել, որ ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակներում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կարևոր, կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները», - հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել