Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը
 |news.am|
13:52 - 11 օգոստոսի, 2023

Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը |news.am|

news.am: Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ է հատկացրել։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

Ըստ որոշման՝ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրից» 250 միլիոն դրամը վերաբաշխվեց պուրակի շինարարությունը սկսելու համար։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ իրականացվել է մրցութային գործընթաց, ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը:

Նախատեսվում է 32 հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։

«Նախագծային մակարդակում ստացել ենք մի բան, որն իսկապես պատեհ է մեր նահատակների հիշատակը հավերժացնելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու այս հայեցակարգին` ապրելով, զարգանալով, ուժեղ պետություն ունենալով»,– ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել