Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով |armtimes.com|
10:05 - 18 հունիսի, 2019

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով |armtimes.com|

armtimes.com: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։

Գրությունն այսօր հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դեռեւս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը եւ հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափին։ Կառավարությունն իր հերթին նվիրատվության գործընթացի կազմակերպումը հանձնարարել է Պետգույքի կառավարման կոմիտեին։

Նարեկ Բաբայանը դատարանին նաեւ հայտնել է, թե նախաքննական մարմինը (ՀՔԾ-ն) տեղեկացրել է, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը եւ առաջարկել է կոմիտեին՝ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ վնասի չափը պարզելու համար քննչական եւ դատավարական գործողությունների ավարտը։ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը այս առնչությամբ հայտարարեց, որ Գրիգորյանը մեղադրվում է նաեւ հարկերից խուսափելու համար եւ ըստ էության իրենք պետությանը պատճառված վնասը «փոխհատուցել են», քանի որ դիմումով պատրաստակամություն են հայտնել գույքը նվիրաբերել պետությանը, բայց տեխնիկական պատճառով գործընթացը չի կատարվում. «Իմ պաշտպանը զրկված է օրենքով նախատեսված՝ վնասի չափը փոխհատուցելու իրավունքից»,–հայտարարեց նա։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ գործի նյութերը դեռեւս չեն հետազոտվել, սակայն հայտնի է, որ արգելանք է դրված Գրիգորյանի, նրա մերձավորների ամբողջ գույքի՝ այդ թվում բաժնետոմսերի, տրանսպորտային միջոցների վրա։ Դատարանը նկատեց, որ նախ պետք է քննարկվի գույքն արգելանքից հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի բացակայության պատճառով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 25-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել