news.am: «Մայր Հայաստան» շարժումն իր քարոզարշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստան արձանի դիմացից։
«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով ու միանալ մեր պայքարին։ Միացիր, որ փոխենք»,- հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանց իշխանափոխության հնարավոր չի լինելու երեւանում զարգացման ծրագրերը կյանքի կոչել. «Առանց ամբողջական իշխանափոխության Հայաստանի Արցախի անվտանգությունն ու գոյությունը հարցականի տակ է հայտնվելու: Երեւանի զարգացման ծրագրերի առումով եթե մենք իշխանափոխություն չենք ունենում, ապա մնացածը դառնում է «բլեֆ»»:
Թեւանյանի խոսքով՝ շարժումը եւ՛ Երեւանի հայեցակարգային ծրագրեր ունի, եւ՛ Հայաստանի ամբողջական զարգացման պատկերացումներն է ներառել, եւ՛ Արցախի հետ կապված հարցերը.
«Գտնում ենք, որ այս իշխանությունը հայտնվել է օրենքոից դուրս կարգավիճակում, չունի լեգիտիմություն, ինքն Արցախը համարել է ադրբեջակական, դրանով խախտել է եւ այսօրվա անկախության հռչակագիրը, որը մենք որպես տոն ենք նշում, եւ Հայաստանի Սահմանադրությունը եւ իր իսկ նախընտրական ծրագիրը»:
Շարժման թիմակից Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կասկադի այն հատվածին, որը Խորհրդային միությունից է մնացել ժառանգություն եւ մինչեւ հիմա նորոգված չէ. «Քաղաքի դիմագիծը, որը շատ կարեւոր է, որը ժառանգել ենք մեծն Թամանյանից, այդպես էլ չեն ցանկանում պահել: Սա այն հատվածն է, որը ունենալով մեր նման ավագանի, ընդհամենը մեկ տարվա ընթացքում կվերականգնի»:
Շարժման անդամները բացականչում են՝ «Միացիր, որ փոխենք», «Արցախ»:
comment.count (0)