Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են
17:42 - 07 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ 
Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։

Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,- ասված է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ 3 տղաները Արցախի «Մարտունի-Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական կողմը հայտնել էր, որ նրանց նկատմամբ դեռևս 2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել էր, որ «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»։ Դատախազությունը հայտնել էր՝ տեսանյութի նկարահանման եւ յութուբյան հարթակում տարածելու կապակցությամբ տղաների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, ինչից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել