Բաքուն արձագանքել է Արցախում էթիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|
13:48 - 19 սեպտեմբերի, 2024

Բաքուն արձագանքել է Արցախում էթիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, որում նշվում է իրականացված էթնիկ զտման մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «անընդունելի է, որ տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ուղղված են Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանից հայկական զինված ուժերի մնացորդների ամբողջական դուրսբերմանը, այդ տարածքներում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել է որպես հարձակում Ղարաբաղի վրա կամ էթնիկ զտում»։

Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, խաղաղ բնակչությանը վնաս չի պատճառել, միաժամանակ, հրաժարվում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի վճռով իր պարտավորությունը՝ ապահովել արցախահայերի վերադարձն իրենց հայրենիք։ Ադրբեջանը պնդում է նաև, թե Արցախի հայերն ինքնակամ են հեռացել իրենց սեփական հայրենիքից։ Նշվում է, թե «դա եղել է հայ բնակիչների ազատ ընտրությունը, և դա որպես էթնիկ զտում ներկայացնելը ցույց է տալիս Հայաստանի երեսպաշտությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ «Այս տեղահանությունը, որն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել