news.am: Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը», նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։
Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։
Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասվում է հայտարարության մեջ
comment.count (0)