factor.am: «Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ² տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021 թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե, իբր, «տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարվելն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից», հայկական զինված ուժերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից», «ռևանշիստական քաղաքականության և գործողությունների դադարեցումը»։
Բաքուն իր կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացումն անվանել է «Հայաստանի քաղաքական արկածախնդրության մի մաս»։
«Հայաստանը, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ղարաբաղի տարածաշրջանը, այդպիսով քողարկում է ուժերի կուտակումը տարածաշրջանում և փորձում շեղել ուշադրությունը սադրիչ գործողություններից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի»,- հայտարարել է Հաջիզադեն։
comment.count (0)