Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
22:05 - 17 սեպտեմբերի, 2023

Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կազմել և հրապարակել է Երևանի ավագանու հերթական ընտրությունների ընտրողների նախնական ու վերջնական ցուցակները:

Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին, արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրացած լինելը՝ 6 ամիս և ավել ժամանակահատվածով: Մնացած 7 դեպքերում արձանագրվել են տեխնիկական անճշտություններ, որոնք ուղղվել են: Բոլոր դեպքերով անձանց ընտրական իրավունքը վերականգնվել է, և վերջիններս իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը:
Օրվա ընթացքում ամենահաճախը հնչած հարցերի առնչությամբ ներկայացնում ենք պարզաբանումներ:

🔶 Ինչո՞ւ է մահացած անձի տվյալը պահպանվում բնակչության ռեգիստրում և փոխանցվում ընտրական ցուցակ:
🔹 Մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից կարող են հանված չլինել և հայտնվել ընտրական ցուցակներում այն դեպքում, երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և նշված փաստի վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին պատշաճ տեղեկություն չի տրամադրվել: Այսօր արձանագրվել է նմանօրինակ մեկ դեպք:

🔶 Առավելագույնը քանի՞ անձ կարող է հաշվառված լինել միևնույն հասցեում:
🔹 Հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին Կառավարության 2005 թվականի 1231-Ն որոշմամբ, որոնցով բնակելի տարածության նկատմամբ հաշվառվող անձանց քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ:

🔶 Կարո՞ղ են բնակելի տարածությունում առանց դրա սեփականատիրոջ համաձայնության հաշվառված լինել քաղաքացիներ:
🔹 Եթե հաշվառվող անձը չի հանդիսանում տվյալ տարածքի սեփականատեր և չի ներկայացնում սեփականատիրոջ համաձայնությունը վերջինիս պատկանող բնակելի տարածությունում հաշվառվելու վերաբերյալ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից: Վերջինս տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն: Նշված դեպքերում բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Սեփականատիրոջ առարկության դեպքում հաշվառում չի իրականացվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել