Լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ․ քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը
18:26 - 19 սեպտեմբերի, 2023

Լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ․ քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը

Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված։ Նրանք պատ են կազմել՝ փակելով Կառավարության շենքի մուտքերը։

Իրադրությունն անընդհատ լարվում է, քաղաքացիները փորձում են ճեղքել պատը և մտնել Կառավարության շենք։

Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», Արցախ»։

Քաղաքացիները նաև կոչ են անում քաղաքացիների գալու հրապարակ և միանալու իրենց։

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։

17։30-ի սահմաններում՝ Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել