Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն ԼՂ-ով, կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. ԱԳ փոխնախարար
20:36 - 19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն ԼՂ-ով, կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. ԱԳ փոխնախարար

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և  Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  իրավիճակի վերաբերյալ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր:

Վահան Կոստանյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կեղծ թեզերի զանգվածային շրջանառումը նպատակ է հետապնդում արդարացնել իր կողմից ուժի կիրառումը և ավարտին հասցնել ԼՂ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտշել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ և կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ կուտակումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել