Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության:
Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։
Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։
comment.count (0)