Բողոքի ակցիաներ Երեւանում 2023-ի աշնանը

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Հաջորդ օրը Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնելով ադրբեջանական կողմի պահանջներին։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին օրվանից Երեւանում սկսվել են բողոքի ակցիաներ։ Օրեր շարունակ ցուցարարների տարբեր խմբեր փակում են Երեւանի տարբեր փողոցներ, հանրահավաք-քննարկումներ են տեղի ունենում հանրային վայրերում։ Ձեւավորվել են մի քանի շարժումներ՝ Անդրանիկ Թեւանյանի, Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր այլ գործիչների նախաձեռնությամբ՝ «Ազգային կոմիտե», Սուրեն Սահակյանի, Միքայել Նահապետյանի եւ այլ քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Արժանապատվության շարժում», «Ազատազէն» ՌՀԿ նախաձեռնությամբ՝ «Հայաստանի սուվերենության շարժում»։ Քաղաքի տարբեր կետերում ակցիաներ են իրականացնում «Ժողովրդավարական համախմբում», «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունները, քաղաքացիների տարբեր խմբեր հավաքվում են պետական ու կառավարական շենքերի, այդ թվում ՌԴ դեսպանատան մոտ, ուսանողները դասադուլներ են իրականացնում։

Տարբեր ժամերի ու տարբեր հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվել է, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիաների ու հանրահավքների հարյուրավոր մասնակիցների։ Կառավարության շենքը հանրահավքների ժամանակ շրջապատել են վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններ։ Նրանց ու ցուցարարների միջեւ երբեմն բախումներ են եղել, որոշ անձինք տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունն էլ իր հերթին որոշ դեպքերում ուժ է կիրառել, Հանրապետության հրապարակում բազմամարդ ու լարված բողոքի ակցիայի ժամանակ սեպտեմբերի 19-ին իրավապահները նաեւ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետեւանքով ակցիայի մասնակից անձինք են վիրավորվել։

«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև
 |aravot.am|

«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ կանխատեսել ենք մեր փաստաբանական թիմով, իրագործվում է։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ Մնացականը Մարտիրոսյանը, օրինակ, այլ դատավորի կմակագրեր կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով հայտնի ինքնաբացարկ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Ալեքսանդր Կոչուբաևը Լևոն Քոչարյանի ձերբակալման օրը հայտնել էր․ «Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են»։ Այսօր՝ ժամը 13:00-ին՝ Նոր Նորքի դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստից առաջ պաշտպանական կողմը ներկայացրել էր նիստի հետաձգման միջնորդություն, քանի որ ծանոթ չէ գործի նյութերին։ Սակայն միջնորդությունը մերժվել էր։ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նիստը մեկնարկում է իրավունքների խախտմամբ․ «Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած»։Փաստաբանը հավաստիացրեց՝ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի ներկայացվող պահանջներին։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:01 - 18 հոկտեմբերի, 2023
Ազգային կոմիտեի կազմակերպած քննարկմանը արժեքավոր առաջարկություններ են ներկայացվել, որոնք ամփոփվել են՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով

Ազգային կոմիտեի կազմակերպած քննարկմանը արժեքավոր առաջարկություններ են ներկայացվել, որոնք ամփոփվել են՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով

«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով: «Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում. Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներն ընդդիմությունից Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր և գործառնական առաջարկություններ Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում։ Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։
15:24 - 16 հոկտեմբերի, 2023
Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության․ «Հայաստան» դաշինք

Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության․ «Հայաստան» դաշինք

Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առայսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ․ «Ինչպես հայտնի է՝ արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ: Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ: Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների  հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ: Տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ: 100-ավոր անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվեց: Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական  բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության: Բացի այդ, ներազգային թշնամանք տարածող իշխանության որևէ աջակցի վերաբերյալ հրապարակված չէ հանրային քրեական հետապնդման մասին որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ այդ հիմքով բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ նույնիսկ հիմա էլ մտացածին պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով ապօրինաբար ձերբակալվում են: Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքը այս օրերին մշտապես եղել են արդար ցասում ապրող մեր հայրենակիցների կողքին, ցուցաբերելով իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն: Այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են: ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շարունակում են պարբերաբար պատգամավորական այցերը քրեակատարողական հիմնարկներ: Մենք շարունակելու ենք համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»։
15:09 - 09 հոկտեմբերի, 2023
Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխանափոխությունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ Մարությանը՝ հանրահավաքներին չմասնակցելու մասին

Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխանափոխությունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ Մարությանը՝ հանրահավաքներին չմասնակցելու մասին

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո Երևանում մեկնարկած բողոքի ակցիաներին։ Քաղաքապետի թեկնածուն նշեց՝ այդ ակցիաները բնական պրոցես են, քանի որ մարդիկ ունեն հարցեր՝ ինչու այսպես եղավ, ինչպես նաև մարդիկ ունեն հանրահավաքներ իրականացնելու Սահամանադրական իրավունք․ «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում այս պրոցեսները անխուսափելի են»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը և իր թիմը չեն մասնակցում դրանց, Մարությանը նշեց․ «Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխանափոխությունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ այսինքն՝ Սահմանադրական կանոններով, և սրանք ուղղակի խոսքեր չեն, մենք դա ապացուցել ենք։ Երևանի ընտրությունները ցույց են տվել, որ լինում է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը։ Մեր թիմը այս պայքարը՝ իշխանափոխության պայքարը, սկսել է երկու- երեք ամիս առաջ և մենք ասել ենք, որ սկսում ենք Երևանից և հետո պրոցեսները պետք է ընդլայնվեն»։ Մարությանի խոսքով ինչպես քաղաքցիները, այդպես էլ ինքն ու իր թիմը վերջին մի ամսում եղել փողոցում։ Մարությանը նշում է՝ փողոց առ փողոց, բակ առ բակ բոլոր վարչական շրջաններով շրջել են և քաղաքացիներին խնդրել են, կոչ են արել անպայման մասնակացել ընտրություններին, որովհետև դրանով հնարավոր է հասնել իշխանափոխության։ 
19:16 - 27 սեպտեմբերի, 2023
Բողոքի ակցիաներ Երեւանում՝ Արցախում 2023թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո

Բողոքի ակցիաներ Երեւանում՝ Արցախում 2023թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո

15։50- Հայաստանում Ամերիկյան համալսարանի դիմացից 8 անձ է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Infocom-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Հարցին, թե ակցիա՞ էին իրականացնում քաղաքացիները, նա ասաց, որ չգիտի։ 15։33- Ազգային կոմիտեի՝ այսօր հրավիրված հանրահավաքը հետաձգվում է։ «Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»: 15։20- Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան] 13։10- Ժամը 13:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 12։49- Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։ 11։38- Պոլիտեխնիկի բակից բերման է ենթարկվել նաև Անդրանիկ Թևանյանը։ Նա բարձրախոսով իրազեկման ակցիա էր իրականացնում՝ ուսանողներին ուղղված կոչեր հնչեցնելով։ 11։24-  Երևանում անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ժամը 11։00-ի դրությամբ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանությունից։ Նշենք, որ այսօր առավոտյան 8-ից Ազգային կոմիտեի կոչով քաղաքացիները փոքր խմբերով կարճ ժամանակով փակել են Երևանի տարբեր փողոցներ, ապա նորից բացել դրանք։ 25.09.2023 20։22- Մեկնարկել է Ազգային ժողովրդավարական բևեռի երթը Մաշտոցի պողոտայով։ 20։14- Անդրանիկ Թևանյանը հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղվանից նոր թափ են հաղորդում համազգային գործադուլին։ Եթե համազգային բնույթ չստանա, անվանական գնալու են բոլոր ընկերություններ՝ սկսած խոշորներից։ Այնուհետև նա նշեց այն անհատների ու ընկերությունների անունները, որոնք միացել են գործադուլին։ Թևանյանը նաև հայտնեց, որ վաղը վաղ առավոտից դարձյալ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ 10։49-  Ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 142 է։ [ՀՀ ոստիկանություն] |tert.am| 10։43- ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակում:  [ՄԻՊ գրասենյակ] 09:53-  Կոմիսասի պողոտան, Բարեկամության խաչմերուկն ամբողջությամբ բաց են։ 09:19- 53 քաղաքացի է բերման ենթարկվել ժամը 09։00-ի դրությամբ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ 08:50- Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև] 08:40- Երթևեկությունը կանգնած է՝ Կոմիտաս պողոտայում՝ Սուրբ խաչ եկեղեցու հատվածում, Աբովյան փողոցում՝ ԵՊԲՀ-ի դիմաց, Կիևյան կամրջի սկզբնամասում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, Տերյան-Մոսկովյան խաչմերուկում։ [Ազգային կոմիտե] 08:25- Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում երթևեկությունն արգելափակված է։ [Ազգային կոմիտե] 08:18- Քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Սարյան և Ռուբինյանց փողոցները, հայտնում են Ազգային կոմիտեից։ Լուսանկարում Սարյան փողոցն է ժամը 07։44-ի դրությամբ։ 24.09.2023 23։05 - Ոստիկանությունն այսօր հերթական անգամ առանց պատճառաբանելու բերման ենթարկեց Արժանապատվության շարժման անդամին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար։ Վրանը հեռացվեց։ 21։50 - Քաղաքացիները Աբովյան փողոցով երթով հասան Հանրապետության հրապարակ։ Երթ է իրականացնում նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռը», նրանք Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։ Նրանք բացականչում են «Ռուսաստան թշնամի», «Նիկոլ դավաճան»։ 20։55 - Քաղաքացիները երթով հասան ոստիկանության մոտ։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են։ Դիմելով նրանց՝ ցուցարարները բացականչում են՝ «ամոթ»։ Ավետիք Չալաբյանը, դիմելով ոստիկաններին, հորդորեց չդիմել բռնության, նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։ 20։20 - Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ առավոտյան ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել: Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան․ «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»։ 19։41 - Ազգային կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն այսօրվա հանրահավաքին խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։  «Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։ 19։35 - Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: [Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև] 19:15 - Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով. «Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,- նշեց Թևանյանը։ Անդրադառնալով, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց՝ նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։ |armeniasputnik.am| 17։48- Քաղաքացիները Բաղրամյան պողոտայով երթ են անում դեպի Հանրապետության հրապարակ։ 17։25-  Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։ [Քննչական կոմիտե] 14։45- Գյումրիում նորից սկսվեցին բողոքի ցույցերը. այն մեկնարկեց ավտոերթով։ Արցախի դրոշը պարզած, ազդանշանները միացրած` մեծ թվով մեքենաներ անցնում են քաղաքի փողոցներով։ Ակցիայի մասնակիցները բնակիչներին կոչ են անում ոտքի կանգնել։ |aravot.am| 14։11- ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք։ Պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին:  Ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ (Հանցագործության նախապատրաստությունը) և 419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:  [ՀՀ ԱԱԾ] 23․09․2023 21։02 - Մաշտոցի պողոտան ամբողջությամբ փակ է։ Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնած երթը շարժվում է դեպի Օպերա, իսկ հանդիպակաց կողմից մեկ այլ խումբ քաղաքացիներ շարժվում էին հակառակ ուղղությամբ։  ԱԺԲ ակցիայի ընթացքում կոչ է արվում միանալ ակցիային, շրջափակել կառավարական շենքերը, այս օրերին Երեւանում միանալ ցանկացած անհնազանդության ակցիայի։  Քաղաքացիները բացականչում են «Նիկոլ, ցեղասպան»։ 20։49 -  Մաշտոցի պուրակում Արժանապատվության շարժման անդամները տեղադրեցին վրան ու շրջապատեցին այն՝ «պաշտպանելու վրանը տեղադրելու եւ պահելու իրավունքը»։  Րոպեներ անց կարմիր բերետավորները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ակցիայի 9 մասնակիցների։ 20։23 - Արցախցի մի խումբ ուսանողներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք արցախցիների համար հումանիտար միջանցք են պահանջում, որպեսզի Արցախի հայությունը կարողանա անվտանգ գալ Հայաստան։ Երիտասարդների մեկ այլ խումբ էլ նմանատիպ պահանջով նստացույց էր իրականացնում Հանրապետության հրապարակում։ 20։00 - Արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:  Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։ Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք, այլ հակազդեն նման խոսքին: [ՄԻՊ աշխատակազմ] 16։50- Այսօր Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 19 մասնակից, Երևան-Երասխ ճանապարհից՝ 2 մասնակից: Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ երկուսի դեպքում էլ հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։ 16։35- Քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, հինգ անձ արդեն իսկ կալանավորվել է Երևանում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու համար։ Վարույթներից մեկը՝ կապված սոցցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, փոխանցվել է ԱԱԾ։ [Քննչական կոմիտե] 16։27- Իրազեկման ակցիա անող քաղաքացիները Հանրապետության հրապարակ էին հասել, որտեղ ոստիկաններ կային։ Ինչպես երևում է Ազգային կոմիտեի հրապարակած կադրերում, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիների։ 15։50- Քաղաքացիները մեքենաներով փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը, պահանջում են Նիկոլ փաշինյանի հրաժարականը։ Ըստ Ազգային կոմիտեի հաղորդագրության՝ «ոստիկանությունը սկսել է ապօրինի բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն մայրուղին շարունակում է փակ մնալ»։ 14։50- Մենք գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի։ Այս պահին ամենաառաջնային խնդիրն արցախահայության անվտանգության երաշխավորումն է, որը յուրաքանչյուրիս պարտքն է։ Միայն Արցախի հայկականության երաշխավորումը թույլ կտա պահպանել մեր պետականությունը։ Արդեն երեք օր է՝ մենք հայտարարել ենք համազգային ընդվզում և հացադուլ, և շարունակելու ենք այն, քանի դեռ դուք լռում եք։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին մենք ձեզ սպասելու ենք, որ միանաք և ձեր օրինակով և կոչով մոբիլիզացնեք և միավորեք հայությանը։ Այս համազգային պայքարին արդեն միացել են՝ Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը։ [«Ժողովրդական համախմբում»] 14։28- 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև] 14։02- Իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով հասան Կառավարական ամառանոցի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։ Ակցիայի մասնակիցները նաև մոտենում են սրճարաններում նստած մարդկանց և իրազեկում իրավիճակի մասին, հրավիրում հանրահավաքի վաղը՝ 18։00-ին։ Նրանք նշում են՝ եթե հարյուր հազար մարդ դուրս գա հրապարակ, 100 հազարից ավելի հայի կյանք կփրկվի Արցախում։  13։40- Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների կապակցությամբ ծառայողական քննություններ են նշանակվել։ Այս մասին, Factor.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ կան նաև ծառայողական ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: 13։30- Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել «կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով» իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ 12։40- Քաղաքացիները «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այս պահին նրանք Հյուսիսային պողոտայում են։ 22․09․2023 23։16 - ԱԺԲ-ից հայտնում են, որ փակել են Հաղթանակի կամուրջը։ 23։06 - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։ 22։30 - Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել։ 21։28 - Արժանապատվության շարժման անդամ Վահագն Մինասյանը Մաշտոցի պուրակում տեղադրեց հերթական վրանը, սակայն ոստիկանության ուժերը գործողությունից 5 րոպե անց նրան դարձյալ բերման ենթարկեցին։  Շարժման անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ վաղը գործողությունն իրականացվելու է ավելի շատ քաղաքացիների մասնակցությամբ, բայց արդեն խաղաղ դիմադրությամբ։ 21։25 - Հավաքի մասնակիցներից մեկը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։  ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է․ «Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի»։ 20։30 - Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Թևանյանը նշեց, որ արդեն կազմակերպված խմբերը Երևանի ու մարզերի տարբեր հատվածներում, տարբեր ժամերի իրականացնեն հետևյալ 3 տիպի գործողությունները։ «Հավաքներ՝ համեմատաբար լայն մասշտաբով, քարոզչություններ այն քաղաքացիների համար, որոնք, միգուցե, «չեն խորացել այս իրավիճակի մեջ», 2-րդը՝ երթեր, փողոց փակել, այլ գործողություններ փողոցներում, պուրակներում, այն խմբերը, որոնք դեռ պետք է ինքնակազմակերպվեն, վաղը իրենց համար թող լինի կազմակերպչական գործողությունների օր», - նշեց Թևանյանը։ 20։22 - Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝  դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։  Անհնազանդության գործողությունները կավարտվեն ժամը 9։30-ին։ Թևանյանը մասնակիցներին կոչ արեց բախումներ չունենալ ոստիկանության հետ, իսկ ոստիկաններին՝ բռնություն չկիրառել քաղաքացիների նկատմամբ։ 19։48 - Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում Ազգային կոմիտեի անդամները։ Ազատության հրապարակում էլ հանրահավաք է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռը։ 19։24 - Սեւան-Մարտունի մայրուղին շարունակում է փակ մնալ։ Ոստիկանները որեւէ միջամտություն չեն արել, ակցիան խաղաղ է ընթանում։ Քաղաքացիների մոտ չեն գնացել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ 19։05 - Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 98-ի։ |news.am| 17։24-Գավառից դուրս եկող Սեւան-Մարտունի մայրուղին մոտ երկու ժամ է՝ փակ է․ տեղացիները հաջակցություն Արցախի են ակցիա իրականացնում։ Ճանապարհի երկու կողմերից տասնյակ մեքենաներ են կուտակվել։ 16։50- Ցուցարար ուսանողները չեն կարողացել մուտք գործել Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի բակ․ վերջինիս ղեկավարությունը փակել է մուտքի գլխավոր դարպասները։ Դարպասներից դուրս նրանք շարունակել են իրենց ակցիան՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով։ Այնուհանդերձ, ավելի ուշ համալսարանի մի շարք ուսանողներ միացել են ցուցարարներին։ Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Հայ-ռուսական համալսարանի մամուլի բաժինը՝ նշելով, որ իրենք մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին Արցախում և Հայաստանում, ողջ հայ ժողովրդի հետ կիսում են մեր հայրենակիցների վիշտն ու ցավը, սակայն որևէ նպատակաուղղված գործողություններ, միտված ուսանողների և բուհի անձնակազմի մասնակցությանը քաղաքացիական անհնազանդության ակցիաներին կամ մասնակցության արգելքին, ՀՌՀ-ում չեն իրականացվում: 16։14- Ֆրանսիական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվեցին դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Սլավոնական համալսարաններ, որտեղ նրանց միացան նաեւ այդ համալսարաններից ուսանողներ։ Ուսանողները տարբեր խմբերով ակցիաներ են իրականացնում։ Նրանք նստացույց արեցին Տիգրան Մեծ փողոցում, մի պահ փակեցին Ֆրանսիայի հրապարակը։ Այժմ մի մասն Ամիրյան փողոցում է, այնտեղ աղբամաններով փակում են փողոցը։ 15։35- Բժիշկները ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են հանդիպում, որպեսզի իրենց ներկայացվի, թե կազմակերպությունը ինչ է պատրաստվում անել ստեղծված իրավիճակում։ 14։29- Փակ է նաև Աբովյան փողոցը։ 14։20- Լևոն Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ: Նրա մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ԲԿ-ից : 14։18- Մի խումբ երիտասարդներ փակել են Նալբանդյան փողոցը։ Ոստիկանությունը հորդորում է բացել՝ պնդելով, թե «գործողությունն անօրինական է»։ 13։50- «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որն առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա տեղափոխվել Քննչական կոմիտե, ազատ է արձակվել։  Տեղեկանում ենք «Փաստինֆո»-ի տեսանյութից։ Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչ կարգավիճակով են տանում ՔԿ։ 13։15- Օրվա ընթացքում ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Infocom-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 13։05- ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս պահին էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ-ի թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100  հեռախոսահամարով»: 12։54- Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Քոչարյանին հոսպիտալացնում է: [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև] 12։46- Ոստիկանության ծառայողներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին, որին, ինչպես երեւում է կադրում, ոստիկանության մեքենայի մեջ հարվածներ են հասցնում։ Ամիրյան փողոցից ցուցարարները շարժվում են դեպի Սարյան փողոց, որը փակում են աղբամաններով։ 12։19- Ամիրյան փողոցում իրավիճակը լարված է․ կարմիր բերետավորներն ուժի գործադրմամբ համատարած բերման են ենթարկում ցուցարարներին։ 11։54- Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է։ «Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը»,- գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ 11։46- Կառավարության դիմաց ակցիա իրականացնող մի քանի քաղաքացիներ սկսեցին Կառավարության շենքի վրա քարեր և ձվեր նետել։ Ցուցարարների մի մասը նրանց կոչ արեց սադրանքների չդիմել։ Ոստիկանությունը զգուշացրեց, որ եթե չդադարեն իրեր նետել շենքի ուղղությամբ, հատուկ միջոցներ կկիրառի։ Ուսանողները Հրապարակից շարժվում են իրազեկման ակցիաներ իրակացնելու։ Մի խումբ ցուցարարներ էլ գնացել են ՔԿ։ 11։35-  ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կարծիքով ոստիկանությունն այս օրերին համաչափ ուժ է կիրառում։ «Համաչափ ուժ է կիրառում ոստիկանությունը, բիրտ ուժ չի կիրառում»։ Այլ հարցերի նա չպատասխանեց՝ նշելով, որ լրագրողները խոչընդոտում են իրենց աշխատանքին։ 11։31- Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն] 11։27- Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց․ «Ես չեմ մերժում այն տարբերակը, որ Նիկոլը հրաժարվի, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ եթե Նիկոլը մնում է, ինքը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, և անընդհատ շարունակվելու են պարտություններով պատերազմներ»: Մանուկյանը նշեց, որ այսօրվա իրավիճակը տարբերվում է փրկության և դիմադրության շարժումներից․ «Այն ժամանակ ժողովրդի մեծ մասը կողմնորոշված չէր, երկրորդ դեպքում դեռ Նիկոլ Փաշինյանը ուներ որոշակի կշիռ հասարակության մեջ, այս դեպքում ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է»։ |tert.am| 11։17- ԵՊՀ և Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ ևս դասադուլ են իրականացնում։ ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ 11։09- Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներին Իշխան Սաղաթելյանը կոչ արեց, բացի Կառավարության մուտքից, փակել նաև շենքի անցագրային կետը։  Սակայն մինչ քաղաքացիները կհասնեին, ոստիկաններն արդեն այնտեղ էին։ Այս պահին փակ է Տիգրան Մեծ փողոցը։ Փողոցին ոստիկանական մեքենաներ են մոտեցել։ 10։20- Կառավարության շենքն այս պահին։ 10։17- ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` հաջակցություն Արցախի։ Նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները հորդորել են մայթով քայլել, ինչն արել են։ Սակայն դրանից հետո մոտ 15 տղայի բերման են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, աղջիկներին քաշքշել։ Ուսանողները շարունակեցին երթը։ Նրանց միացան այլ ուսանողներ, բոլորով միասին հասան Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված են տասնյակ քաղաքացիներ։ 10։02- ԱԺԲ-ն շարունակում է նստացույցն Ազատության հրապարակում։ Նրանք ստորագրահավաք են սկսել կառավարության հրաժարականի պահանջով։ Ժամը 7-ին հանրահավաք են ունենալու։ 09։57- Առավոտից Երևանում բողոքի ակցիայի 26 մասնակից է արդեն բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Ինֆոքոմի հետ զրույցում հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։ 09։53- Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարել է դասադուլ՝ կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։ «[Դասադուլի] նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին: Տվյալ որոշումը հաստատվել է ՈՒԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով: Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու նրանց աջակցելու համար: Նշենք, որ յուրաքանշյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում»,- նշված է ՈՒԽ հայտարարության մեջ։ 09։23- Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանության մեծաթիվ ուժերով։ Հանրապետության հրապարակում այս պահին իրավիճակը հանդարտ է։ 09։21- Ոստիկանները հեռացրին Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում քաղաքացիների տեղադրած ինքնագլորները ու բացեցին ճանապարհը։ 09։13- Սարյան փողոցից բերման է ենթարկվել նաեւ Անդրանիկ Թեւանյանը։ 09։08- Ինչպես սեպտեմբերի 21-ին կոչ էր արել ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանը, առավոտից փակվում են Երեւանի տարբեր փողոցներ։ Այս պահին փակ է Մյասնիկյան պողոտան, որտեղ ծանր խցանում է առաջացել, որի մեջ է նաեւ պարեկային ծառայության մի մեքենա։ Մի խումբ ցուցարարներ փակել էին նաեւ Սարյան փողոցը, բայց ոստիկանները բացեցին այն՝ ուժ կիրառելով բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց։ Մարդիկ ինքնագլորներով փակել են նաեւ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը։
18:05 - 26 սեպտեմբերի, 2023
«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց
 |aravot.am|

«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց |aravot.am|

aravot.am: Մի խումբ բուժաշխատողներ այսօր բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի մոտ։ Նրանք նախարարությունից պահանջում են համակարգված աշխատել Արցախից բռնի տեղահանվածների հետ։ Ցույցի կազմակերպիչներից «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն իր ելույթում հայտարարեց՝ պահանջում ենք միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար․ «Առողջապահության նախարարության պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնողներ, այս ողբերգական իրավիճակում պարտավոր եք առցանց տեղեկատվական շտեմարան ունենալ։ Դուք ձեզ գովում եք, թե էլեկտրոնային առողջապահություն ունեք, բարի եղեք այնպես արեք, որ տեղեկատվությունը մարդկանց համար լինի ամփոփ, չգնան այս ու այն կողմ։ Մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում։ Դուք պետք է թեժ գիծ ծառայությունը հզորացնեք եւ բուժօգնություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն։ Պահանջում ենք գնահատել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը եւ կազմակերպել խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, թերսնումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը։ Չմոռանանք, որ 9 ամիս այս երեխաները չգիտես ինչով են սնվել, չի կարելի քաոտիկ աշխատել»։ Նրանք պահանջում են կազմակերպել Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը․ «Արցախից գալիս են բժիշկներ, բուժաշխատողներ, պետք է այս ռեսուրսն օգտագործվի, պետք է այս ամենը արվի համակարգված։ Ցույցի մասնակիցները կոչ արեցին դեղագործական եւ բժշկական կազմակերպություններին սատար կանգնել արցախցիներին։ Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։ Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։ «Հանկարծ չստացվի այնպես, որ այս մարդիկ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնեն, հերթագրվեն, թղթեր ուզեն։ Դիմում ենք սոցապ նախարարությանը՝ տվեք նրանց կարգավիճակ, Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին տվեք սոցիալական երաշխիքներ, որը կներառի ֆինանսական, հոգեբանական, եւ իրավական մի ամբողջ փաթեթ»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:31 - 26 սեպտեմբերի, 2023
Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Մի շարք փաստաբաններ խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ «Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականանցնելու նպատակով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական գործողությունների մեկնարկից սկսած Երևան քաղաքում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում, որի միակ նպատակն է ՀՀ քաղաքացիներին հեռու պահել մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվող համանման խաղաղ անհնազանդության ակցիաներին և հանրահավաքներին մասնակցությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոտ հինգ տասնյակ անձի նկատմամբ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվում են դատարանների կողմից։ Այնինչ, նշված անձանց առաջադրված մեղադրանքների նկարագրությունն անգամ որևէ աղերս չունի զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի հատկանիշների հետ։ Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել են բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Ցավով արձանագրում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարած դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքներն ապահովելու իրենց առաքելությունն իրականացնելու փոխարեն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։ Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին և թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը և ոչ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը։Վճռական ենք բացահայտելու, հավաքագրելու և ամբողջացնելու այս հակաիրավական գործընթացի ամբողջական շղթան և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց։ Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։ Հորդորում ենք ՀՀ իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավունքի և օրինականության դաշտ և վերջնականապես չհատել անդառնալիության կետը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներ, հասարակական հիմունքներով պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները և սահմանադրական արժեքները՝ հաղթահարելով համակարգի կողմից ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտները։Հայտարարությունը բաց է միանալ ցանկացող փաստաբանների համար»։ փաստաբաններ՝ Աբգար Պողոսյան (արտոնագիր՝ 3015) Զորայր Հարությունյան (արտոնագիր՝ 1981) Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ 2426) Արսեն Բաբայան (արտոնագիր՝ 3268) Սոս Հակոբյան (արտոնագիր՝ 3301) Արմեն Անդրիկյան (արտոնագիր՝ 2232) Մհեր Հակոբյան (արտոնագիր՝ 1205) Դավիթ Թովմասյան (արտոնագիր՝ 3444) Ալեքսանդ Հարությունյան (արտոնագիր՝ 2461) Հովսեփ Սարգսյան (արտոնագիր՝ 2299) Մանուշ Եսայան (արտոնագիր՝ 2593) Վարդուհի Էլբակյան (արտոնագիր՝ 28) Իրմա Ճաղարյան (արտոնագիր՝ 2690) Միքայել Շխիմյան (արտոնագիր՝ 2521) Նազելի Տեր-Պետրոսյան (արտոնագիր՝ 1751) Ռուդիկ Դոլունց (արտոնագիր՝ 3401) Էրիկ Ալեքսանյան (արտոնագիր՝ 2231) Գոռ Վարդանյան (արտոնագիր՝ 3029) Բենիկ Գալստյան (արտոնագիր՝ 2862)
14:19 - 25 սեպտեմբերի, 2023
Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ՝ վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով. «Արդար Հայաստան»

Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ՝ վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով. «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վաղվանից սկսում են քաղաքական խորհդատվություններ հնարավոր դաշնակից ու համախոհ ուժերի միջև վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ բարեկամներ, Միայն մտավոր սերունդն ու վերնախավը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Պատմությունը սիրում է սթափներին: Մենք այլևս երկար խորհելու ժամանակ չունենք։ Նվաստացված ու պարտված ժողովուրդը չի կարող արժանապատիվ ու արդյունավետ պետություն ստեղծել, եթե իր վաղվա օրվա վերաբերյալ չունի ռազմավարական հայեցակարգ։ Հայաստանում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: Ներկա ու նախկին իշխանությունների միջև սաստկացող առճակատումը սպառնում է քաոսի վերածել Հայաստանը և կործանել մեր պետականությունը։ Մեր երկիրը քանդեցին թե՛ դրսից, թե՛ ներսից, իսկ հիմա մեզ պարտադրում են ընտրություն կատարել Հայաստանը դրսից ու ներսից քանդողների միջև, այն դեպքում, երբ պետք էր շրջահայաց, խոհեմ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ աչքի առաջ ունենալով պետականության դեմ ուղղված հնարավոր ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքների չեզոքացման իրական հնարավորության հարցը․․․ Օրվա իշխանությունն ու տիտողոսային ընդդիմությունն ու նրանց առաջնորդներն ուղղակի պատասխանատու են Հայաստանում և Արցախում ստեղծված աղետի համար՝ մեկը Արցախի ողբերգության մեկնարկը տալու, մյուսն ավարտելու համար․․․ Ստեղծված ծանր իրավիճակում համոզված ենք, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն։ Ներկա աշխարհաքաղաքական գլոբալ հակամարտության ֆոնին, երբ դեռևս ուրվագծված չէ նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, արհեստականորեն Հայաստանին պարտադրել ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ լրջագույն մոլորություն ու սպառանիք է։ Հարգելի՛ բարեկամներ Հայ ժողովրդին համախմբող նոր գաղափարը ներկա Հայաստանը զարգացնելու գաղափարն է։ Հարկավոր է հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանում ու մեկնարկել իրապես ժողովրդին ու պետությանը ծառայող նոր ազգային վերնախավի ձևավորման գործընթացը: Նախորդ ու գործող էլիտաներն ավարտեցին իրենց գործունեությունը՝ ոմանք անփառունակ, ոմանք՝ անավարտ, ոմանք էլ աննկատ: Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա 3-րդ Հանրապետության վերջին վարչապետը․․․ Նրան հաջորդող ղեկավարը պետք է դառնա որակապես այլ պետության ղեկավար՝ բովանդակային, քաղաքակրթական, արժեհամակարգային, այլ կերպ ասած՝ խոսքը գնում է 4-րդ Հանրապետության մասին․․․ Հարգելի՛ բարեկամներ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ Հայաստանում գործող անխտիր բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են հայտարարություն այն մասին, որ անկախ իշխանություն և ընդդիմություն լինելու հանգամանքից, Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որևէ ստորադասում ու զիջում չի կարող ընդունելի լինել, Հայաստանի անկախության ու պետականության գաղափարն անքննարկելի արժեք է։ Խորհրդարանական ընդդիմությունը տառացիորեն վաղը՝ ս․թ․ սեպտեմբերի 25-ին, հայտարարում է պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին՝ ըստ էության, ստեղծելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թե՛ լեգետիմ, թե՛ քաղաքական հիմնավորում։ Երևանի փողոցներում հանրահահավաքներ ու բողոքի երթեր իրականացնող բոլոր ուժերը դադարեցնում են ցույցերը՝ վերջ տալով երկրի ապակայունացմանն ու թուլացման գործընթացին։ Քաղաքական ուժերի կողմից ձեռք է բերվում կոնսենսուսային որոշում՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, որի արդյունքում փոխվում է կառավարման համակարգը․ Հայաստանը վերադառնում է կիսանախագահական կառավարման համակարգին, կամ անցում է կատարվում նախագահական կառավարման համակարգի։ Սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո վեց ամսվա ընթացքում տեղի են ունենում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որին չմասնակցելու մասին տառացիորեն երեք օրվա ընթացքում հայտարարում են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նոր իշխանությունների կողմից մեկ տարվա ընթացքում ստեղծվում է որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին: Երկու տարվա ընթացքում իրականացվում է 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտվում է ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, բոլոր մեղավորները ենթարկվում են պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի հետ՝ արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ բացառելով որևէ ռազմավարական շահերի ստորադասում։ Հայաստանը փորձում է կարգավորել ու հստակեցնել իր հարաբերությունները բոլոր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի հետ՝ իրականացնելով առավելագույնը՝ իր կողմից ստորագրված ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ դրույթները կատարելու համար։ Հարգելի՛ բարեկամներ Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն և վարել բանակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ առավել մեծ կոնսենսուս ձևավորելու համար՝ ընդգծելով, որ ներկայացված առաջարկությունները կարող են քննարկվել և խմբագրվել։ Միաժամանակ այս առաջարկությունների հետ համակարծիք անձանց և ուժերին առաջարկում ենք համախմբել ու միավորվել։ Վաղվանից սկսում ենք քաղաքական խորհդատվություններ հնարավոր դաշնակից ու համախոհ ուժերի միջև վերկուսակցական շարժում ձևավորելու հեռանկարով՝ Հայաստանի պետականության գաղափարի անխախտելիության ու մատնանշված խնդրներին լուծում տալու վճռականությամբ»:
11:50 - 25 սեպտեմբերի, 2023
ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Ցոլակ Ակոպյանը

ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Ցոլակ Ակոպյանը

ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմացից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահներ Ցոլակ Ակոպյանը և Արմեն Խաչիկյանը։ Ըստ Ազգային կոմիտեի տարածած տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։ Նշենք, որ բերման էր ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, ձերբակալվել է։ Ըստ ՀՀ ոստիկանության՝ ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 142 է։  Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Ազգային կոմիտեն» սկսել է անհնազանդության ակցիաները՝ փակելով տարբեր փողոցներ։  Ընդդիմության երեկվա հանրահավաքին Սաղաթելյանը  ասել էր, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա․ կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։   «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,- նշել էր Սաղաթելյանը։  Լրացում Արմեն Խաչիկյանը ավելի ուշ հայտնել է, որ իրեն բերման չեն ենթարկել։ 
11:00 - 25 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՄԻՊ–ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

ՀՀ ՄԻՊ–ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։ Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Մի շարք փողոցներ փակ են, կաթվածահար է որոշ հատվածների երթևեկությունը Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ընդդիմության բողոքի ակցիները սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա։
10:09 - 25 սեպտեմբերի, 2023