Ֆրանսիան հետ է կանչում Նիգերում իր դեսպանին և դուրս է բերում իր զորքերը
 |factor.am|
14:06 - 25 սեպտեմբերի, 2023

Ֆրանսիան հետ է կանչում Նիգերում իր դեսպանին և դուրս է բերում իր զորքերը |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը դադարեցնում է ռազմական համագործակցությունը Նիգերի հետ, որտեղ հուլիսին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, և հետ է կանչում իր դեսպանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ իր որոշման մասին տեղեկացրել է պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին։

Մակրոնը Բազումին  անվանել է «պատանդ» և ասել, որ Ֆրանսիան նրան համարում է երկրի միակ օրինական ընտրված առաջնորդը: Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել նոր կառավարությունը, իսկ օգոստոսին զինվորականները դեսպան Սիլվեն Իտային 48 ժամ են տվել Նիգերը լքելու համար։ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում նաև ինքը՝ դեսպանը, փաստացի արգելափակվել են դեսպանատանը և ստիպված են եղել զինվորական օրապահիկով սնվել՝ վախենալով դուրս գալ դեսպանատան տարածքից։

Հարցազրույցում Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան «կդադարեցնի ռազմական համագործակցությունը Նիգերի իշխանությունների հետ, քանի որ նրանք այլևս չեն ցանկանում պայքարել ահաբեկչության դեմ»: Ֆրանսիական ռազմական ներկայությունն այս երկրում կազմում է մոտ 1500 մարդ։ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան մինչև տարեվերջ իր ուժերն աստիճանաբար դուրս է բերելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել