Կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը. Քաղաքապետարանի պարզաբանումը
10:02 - 26 հոկտեմբերի, 2019

Կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը. Քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ արձագանքելով պարգևատրումների մասին հրապարակումներին:

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետև էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետև.

պարգևավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երևանի տարեկան բյուջեով,
պարգևավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
պարգևավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ 1700 մարդու լրացուցիչ, օրինական եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգևավճար է։
Եվ վերջապես, հերթական պարգևատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, և շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային՝ ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո:
Լրատվամիջոցներից մեկն էլ՝ Analitik.am-ը, նաև բացահայտ կեղծ տեղեկություն է տարածել թեմայով՝ նշելով, թե քաղաքապետը «ինքն իրեն էլ է պարգևատրել», մինչդեռ պարգևավճարների ցուցակում երևում է, որ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել, ինչպես և չէր ստացել նախորդ եռամսյակներին: Քաղաքապետը հայտարարել է՝ պարգևավճար չի ստանալու։

 

Նույն ապատեղեկատվությունը, արդեն վերնագրի մեջ, վերարտադրել է News.am-ը: Մենք աշխատանքային օրով պաշտոնական նամակ կուղարկենք այս երկու լրատվամիջոցներին՝ խնդրելով համարժեք հերքում հրապարակել, իսկ մինչ այդ՝ հույս ունենք, որ բարեխղճության սկզբունքից ելնելով, նրանք կխմբագրեն գրառումը:

Հ. Գ. Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգևատրում է ստացել նաեւ քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն, ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց, ասաց՝ «երանի՜ ձեզ»: Օկ, ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850000-ից պետք է հանել հարկերը և կստանանք շուրջ 600 հազար: Երկրորդ՝ ենթադրում եմ, որ իմ լրագրող գործընկերներին գուցե շփոթեցնում է երբեմնի լրագրողի՝ միջինից բարձր վարձատրությունը:

Ուրեմն, պատրաստ եմ գրավոր հարցման պարագայում իմ գործընկերներից առաջինին տրամադրել 2018-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իմ ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն, որտեղ կերևա, որ նախկինում իմ եկամուտները ավելի բարձր էին, քան հիմա: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հանրային ծառայությունը կատարում եմ սիրով ու ջանում եմ պատասխանատու լինել»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել