aravot.am: «Ինչքան էլ հաճելի կամ տհաճ լինի այս կամ այն քաղաքական ուժին, պետք է ասեմ, որ այս փաստաթուղթն իր արմատներով գնում եւ հասնում է 1915 մայիսի 24, երբ Անտանտի պետությունները՝ Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընդունեցին համատեղ հռչակագիր, որում առաջին անգամ համաշխարհային եւ միջազգային իրավունքի պատմության մեջ օգտագործվեց ձեւակերպումը՝ հանցագործություն մարդկայնության դեմ։ Հենց այս հանցագործության տեսակը հանդիսացավ հիմք Նյուրնբերգի եւ Տոկիոյի համապատասխան միջազգային ռազմական տրիբունալների կանոնադրության մեջ նման հանցագործություններ նախատեսելու համար»,- այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ նրա՝ զարմանալի է, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում այս փաստաթղթին։
«Պետք է պատասխանեմ նաեւ այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք այսօր դեմ են արտահայտվում փաստաթղթի ընդունմանը, որ եզակի պետություններից մեր տարածաշրջանում, որը նույնիսկ չի ստորագրել այս փաստաթուղթը, հանդիսանում է Ադրբեջանը։ Ոչ Թուրքիային, ոչ Իրանին չեմ ուզում անդրադառնալ, խոսքը Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին է։
Չստորագրած պետությունների թիվը շատ քիչ է, 131 պետություն է ստորագրել այս փաստաթուղթը, վավերացրել է 122-ը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը հանդիսանում են այս փաստաթղթի անդամ երկիր»,- ասաց նա։
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ քննադատություններ են գալիս մի շարք երկրներից, որոնք դարձել են Միջազգային քրեական դատարանի շահառու։ «Մենք արագ եւ շատ արդյունավետ լուծումներ Միջազգային քրեական դատարանից այսօր չենք կարող պահանջել կամ ակնկալել։ Միջազգային դատական ատյաններում գործընթացները բավական դանդաղ են, ընդ որում, դանդաղ են օբյեկտիվ պատճառներով, բայց սա անհրաժեշտ քայլ է եւ կանխարգելիչ առումով, եւ աշխարհայացքային ու արժեքաբանական առումով։ Բովանդակությունը պարզ եւ հստակ է՝ ցեղասպանության հանցագործություն, որը բոլորիս համար հայտնի ու պարզ է, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։ Առնվազն վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմների արդյունքում, որը հանգեցրել է նաեւ էթնիկ զտումների, մենք այս կոնտեքստում չենք կարող լռել, որովհետեւ սա ոչ միայն մեր՝ որպես Հայաստանի Հանրապետության, սա նաեւ մեր՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի պարտականությունն է։ Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, իմ կարծիքով՝ սա նաեւ բարոյական պարտականություն է՝ վավերացնել մի փաստաթուղթ, որն իր արմատներով եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից։ Այս հարցում ճիշտ կողմնորոշվելը գուցեեւ մեզ հնարավորություն կտան խուսափել որոշակի իրադարձություններից»,- ընդգծեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)