Արցախի նախագահը ու մի շարք պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչ որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
21:55 - 01 հոկտեմբերի, 2023

Արցախի նախագահը ու մի շարք պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչ որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, որոնք տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում։ Ըստ վերջին տվյալների՝ 170 աճյուն և մասունք է հայտնաբերվել աղետի տարածքում, վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, անհայտ կորած քաղաքացիների թիվը՝ 105։ Պայթյունը տեղի է ունեցել Արցախից արցախահայերի զանգվածային բռնի տեղահանության ժամանակ, երբ հարյուրավոր քաղաքացիներ (մեծամասամբ տղամարդիկ) հավաքվել են վառելիքի պահեստում կամ դրան մոտ տարածքում, որ վառելիք ունենան որքան հնարավոր է շուտ Հայաստան մեկնելու համար։

2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։

Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ «մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարվելու են իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

2023թ․ հոկտեմբերի 1-ի ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ ժամանել է Հայաստան։

 

Լուսանկարը՝ Ինֆոքոմի / Վայքի ընդունման կետ, 27․09․2023


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել