Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի, Պաղեստինի, արաբական երկրների հետ և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարիտեղակալ Միխայիլ Բոգդանովը։
«Սա 75 տարի տևած հակամարտության կրկնություն է: Մոսկվան կապի մեջ է բոլոր կողմերի, այդ թվում՝ արաբական երկրների հետ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղություն հաստատել»,- ասել է նա՝ մեկնաբանելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը:
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
comment.count (0)