ԵԽԽՎ-ն «Վացլավ Հավել» մրցանակը հանձնեց Թուրքիայում ցմահ բանտարկված Օսման Կավալային․ Անկարան բողոքում է
 |azatutyun.am|
14:41 - 10 հոկտեմբերի, 2023

ԵԽԽՎ-ն «Վացլավ Հավել» մրցանակը հանձնեց Թուրքիայում ցմահ բանտարկված Օսման Կավալային․ Անկարան բողոքում է |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մարդու իրավունքների «Վասլավ Հավել» մրցանակը շնորհեց Թուրքիայում բանտարկված Օսման Կավալային։ Այդ մասին նախօրեին հայտարարվեց ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման օրը։

Մրցանակը ստացավ Կավալայի կինը։ Նա ընթերցեց ամուսնու ուղերձը, որտեղ Օսման Կավալան հույս է հայտնում, որ Թուրքիան մի օր կդառնա ժողովրդավարական երկիր։

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ԵԽԽՎ-ի որոշումը։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը X սոցցանցում գրել է, թե «անընդունելի է Եվրոպայի խորհրդի կողմից «այսպես կոչված» մարդու իրավունքների մրցանակ շնորհել դատապարտյալին, ում նկատմամբ վճիռը հաստատվել է Թուրքիայի բարձրագույն դատարաններից մեկում»։

Նույն բովանդակությամբ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ֆինանսիստ, հասարակական ակտիվիստ ու բարերար 64-ամյա Օսման Կավալային Թուրքիայի իշխանությունները մեղադադրել են Ստամբուլում 2013-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերը ֆինանսավորելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ դատապարտել ցմահ ազատազրկման։ Ստամբուլում Գեզիի զբոսայգին պահպանելու բնապահպան ցույցերը քաղաքական բնույթ էին ստացել՝ իշխանությունների դեմ։

Օսման Կավալան աջակցել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հասարակական կապերի զարգացման ծրագրերին։

Միջազգային հանրությունը, իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Թուրքիայի իշխանություններին Օսման Կավալայի դեմ գործ հարուցելու ու նրան ազատազրկման դատապարտելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել