ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային
 |1lurer.am|
20:35 - 10 հոկտեմբերի, 2023

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին, տեղեկացրել, որ փախստականների և միգրանտների հարցով իր հատուկ ներկայացուցիչն ուղևորվել է Հայաստան՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ: Նա հավելել է, որ երբ իր ներկայացուցիչը վերադառնա, մարդկանց աջակցելու ծրագիր կմշակվի:

«Բայց, իհարկե, ավելի լուրջ հարց կա: Հարկավոր է հասկանալ՝ երբ և ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան։ Հուսով եմ, որ շուտով հնարավոր կլինի Քարտուղարության առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան՝ խոսելու ադրբեջանական իշխանությունների հետ և հասկանալու՝ ինչպիսին է ստեղծված իրավիճակի հետ կապված նրանց գնահատականը: Այսպիսով նաև կոչ եմ անում Ադրբեջանին՝ լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլորն իրավունք ունեն օգտվելու բոլոր ազատություններից և իրավունքներից»,- նշել է Բուրիչը:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ ինչպես է Եվրոպայի խորհուրդը վերաբերվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ձերբակալությանը, Բուրիչը պատասխանել է, որ այդ հարցը ևս կլինի Քարտուղարության առաքելության՝ Ադրբեջան այցի օրակարգում:

Նա նաև նշել է, որ հարկավոր է աշխատել ժողովուրդների միջև վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ:

«Մենք Վենետիկում և Թբիլիսիում Ադրբեջանից և Հայաստանից երիտասարդ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ նախաձեռնություններ ենք իրականացրել: Ապագայում պետք է կրկնապատկենք ջանքերը՝ իհարկե, կողմերի համաձայնությամբ: Մենք արդեն որոշակի գաղափարներ ունենք»,- ասել է Բուրիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել