1lurer.am: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը արդարադատության և իրավունքի գերակայության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսին հարց է ուղղել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
«Այս կիսագնդում անցած շաբաթ ԵՄ խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը և ԵՄ անդամ երկրներին կոչ անելով ընդունել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: ԵՄ խորհրդարանը կոչ արեց նաև Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համապարփակ վերանայման: Ադրբեջանի նման երկրի հետ գործակցությունը անհամատեղելի է ԵՄ արժեքների և նպատակների հետ, այդ թվում՝ արդարության և իրավունքի գերակայության ոլորտում: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի նավթն ու գազը բավարա՞ր են՝ աչք փակելու համար միջազգային իրավունքի և իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա»,- նշել է Վարդանյանը:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն, իհարկե, դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը երբեք չի կարող արդարացվել:
«Այժմ առաջին անհանգստությունն իրական երկխոսություն վարելն է, եթե դա հնարավոր է: Դուք գիտեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումներ կազմակերպելու եվրոպական նախաձեռնությունների մասին: Պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տեղահանված մարդկանց համար պաշտպանություն կապահովվի: Ես տեղյակ եմ, որ մարդու իրավունքների հանձնակտարը նախատեսում է տարածաշրջան այցելել: Կարևոր է գնահատել իրավիճակը տարածաշրջանում և վստահ լինել, որ Ղարաբաղի հայերի կարիքները, որոնք մնացել են Ադրբեջանի տարածքում, պաշտպանվեն, և նրանք ստանան մարդասիրական աջակցություն և անվտանգություն»,- նշել է հանձնակատարը:
Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվել են հումանիտար օգնություն մոբիլիզացնել:
comment.count (0)